ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Հակոբ Ասլանյանը հակադարձեց Ալեն Սիմոնյանին, ասելով, թե նա «ոտքից գլուխ ստում է, ճիշտ չի ասում»։
«Եթե ես լացելով պետք է խնդրեի, որ ինձ վերցնեին, ապա ինչու էի գնում Factor.tv և հայտարարում, որ սառեցնում եմ իրենց հետ գործունեությունը։ Ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել ու հեռացրել»,-ասաց Հակոբ Ասլանյանը։
Նա ասաց նաև, թե իրեն համոզել են, որ վայր դնի պատգամավորական մանդատը։
«Որպեսզի ինձ համոզեն մանդատը դնեմ, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին ամերիկաները և աստրախանները։ Իրենք փորձել էին իմ տղայի և եղբոր միջոցով ազդել ինձ վրա»։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նշած թոշակի թեմային՝ նա ասաց․
«Ես այդ թոշակի կարիքը չունեմ, ապահովված եմ։ Ես 56 տարի աշխատել եմ այս երկրում և այսօր ֆինանսական տեսակետից այն վիճակում եմ, որ իրենց տված այդ թոշակը որևէ էական դեր չի խաղալու ինձ համար»։
Ասլանյանը նշեց, որ ՔՊ-ն է իրեն հրավիրել իրենց կուսակցություն, պարերազմից հետո էլ մնացել է, որովհետև հավատացել է, որ եկել են մարդիկ, ովքեր չեն ստում։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում այսօր թեժ բանավեճ էր ծավալվել քպ-ական և նախկին քպ-ական պատգամավորների միջև։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քննադատության ենթարկեց Հակոբ Ասլանյանին․ «Գիտեք, ինչը հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում և աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ»։ Սիմոնյանը Ասլանյանի հայտարարությունները, որ իրենց քիչ ՝ մնացել, որակեց «ծիծաղելի ու նողկալի»։