Հետևեք մեզ։

«Շիկահող» պետական արգելոցից որևէ հողակտոր երբևէ չի օտարվել. Շրջակա միջավայրի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը

15:13, 25 մարտ 2026
«Շիկահող» պետական արգելոցից որևէ հողակտոր երբևէ չի օտարվել. Շրջակա միջավայրի նախարարությունը հերքել է տարածվող լուրերը

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հերքել է տելեգրամյան ալիքներով տարածվող տեղեկությունները, թե ՀՀ կառավարությունը «Շիկահող» պետական արգելոցի հողակտոր է վաճառել։

Ներկայացնում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հերքումը.

«Տեղեկացնում ենք, որ անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը վաճառել է «Շիկահող» պետական արգելոցի վերջին հողակտորը, չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է ապատեղեկատվություն։

Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում գտնվող «Շիկահող» պետական արգելոցից որևէ հողակտոր երբևէ չի օտարվել։

Հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցներին առաջնորդվել բացառապես պաշտոնական և հավաստի աղբյուրներով, զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և հրապարակումներից առաջ դիմել իրավասու պետական մարմիններին՝ համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով։

Միաժամանակ կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը և վստահել միայն պաշտոնական հաղորդագրություններին։

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու անխախտությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները