Հետևեք մեզ։

Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

12:06, 26 մարտ 2026
Բացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար

«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում: Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել։ Փրկարար ծառայության հետ, որ զրուցում էինք, պարզ դարձավ, որ ճարտարապետական տեսքը պահպանելը միանշանակ հնարավոր է, իսկ վերակառուցումը կլինի հենց ճարտարապետական տեսքի պահպանման համար»․ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան հետագա ճակատագրի, մասնավորապես խոսակցությունների մասին, թե այն հնարավոր է հյուրանոցի վերածվի։

 

Հիշեցնենք՝ մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է  բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։ 

Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի շինության առաջին հարկ և հարակից բնակելի շենքեր։ Հրդեհաշիջման աշխատանքներին զուգահեռ հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարակից բնակելի շենքերի վտանգավոր տեղամասերից բնակիչների տարհանում դեպի անվտանգ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները