NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն Արգամ Հովսեփյանին վերագրվող քրեական վարույթի հետ կապված: Մասնավորապես, կայքի աղբյուրների փոխանցմամբ, երբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի պաշտոնում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի աջակցությունը վայելող թեկնածուն՝ իր տեղակալի ամուսինը, չի նշանակվել, և օրինական մրցույթի արդյունքում այդ պաշտոնում 2024 թվականի մայիսի 30-ին վերընտրվել է Արգամ Հովսեփյանը, դատախազության հանձնարարությամբ սկսել են ուսումնասիրել Արգամ Հովսեփյանի և նրա ընտանիքի անդամների՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող գրանցման հասցեի 54 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գույքի ձեռքբերումը, որը 2003 թվականին նրան է փոխանցվել իր հարազատ տատիկի կողմից:
Արդյունքում ցուցում է տրվել ամեն գնով քրեական վարույթ նախաձեռնել. ընդ որում՝ տևական ժամանակ փնտրել են այն կնոջը (այլ ազգանունով տատիկին), ով գույքի փոխանցմամբ «շռայլ» է գտնվել Հովսեփյանի նկատմամբ, որպեսզի նրան ներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննեն: Տևական փնտրտուքներից հետո են միայն պարզել, որ փնտրվող կինը Հովսեփյանի հանգուցյալ տատիկն է, որը երկար տարիներ բնակվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի՝ Երևանի Արամի փողոցի տան շենքում գտնվող իր բնակարանում, որը դեռևս 23 տարի առաջ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, տատիկի անվամբ պետական գրանցում է ստացել:
Թեև իրավապահներն ի սկզբանե զգուշացրել են, որ «գործը ջուր է», քանի որ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ օրինական կարգով, այնուամենայնիվ, դատախազությունում որոշել են հատել բոլոր կարմիր գծերը և Հովսեփյանի հանգուցյալ տատիկին վերագրել 2003 թվականին գույքը համայնքից «խարդախությամբ» հափշտակելու և հետագայում թոռանը փոխանցելու գործընթացը: Նման զավեշտալի իրավական «հիմքեր» ստեղծելու նպատակը եղել է Հովսեփյանին «հանցավոր ծագում ունեցող գույքն օրինականացնելով փողերի լվացում կատարելու» մեղադրանք առաջադրելը և, չնայած պաշտոնավարման հետ որևէ կապ չունենալուն, այդ հիմքով ամեն գնով նրա լիազորությունների կասեցմանը հասնելը և պաշտոնավարմանը խոչընդոտելը:
Ավելի ուշ ՀՀ երեք դատական ատյաններն արձանագրել են պաշտոնավարման կասեցմամբ Արգամ Հովսեփյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը և պարտավորեցրել դատախազին վերացնել Արգամ Հովսեփյանի իրավունքների խախտումը, ինչից հետո Հովսեփյանը շարունակել է պաշտոնավարումը: Դատախազությունը, սակայն, դրանով կանգ չի առել:
Հովսեփյանի տատի տանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում նշանակված շինարարատեխնիական փորձաքննությունից հետո, դատախազի ցուցումով նշանակվել է կրկնակի փորձաքննություն, որի կատարումը քննիչի կողմից հանձնարարվել է մեկ այլ փորձագիտական կազմակերպության, սակայն դատախազի կողմից այդ որոշումը վերացվել է, և տարօրինակ կերպով փորձաքննության կատարումը հանձնարարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյին»։ Այսինքն՝ այն փորձագիտական կազմակերպությանը, որը ղեկավարում է հենց քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արգամ Հովսեփյանը։ Այսպիսով՝ հիմք է ստեղծվել, որպեսզի կրկին կասեցվի Բյուրոյի ընտրված տնօրեն Արգամ Հովսեփյանի պաշտոնավարումը՝ այս անգամ այն հիմնավորմամբ, որ իբր նա չխոչընդոտի փորձաքննության կատարմանը:
Պարզվում է, որ դատախազությունում այնքան են շտապել փորձաքննություն նշանակել այն կազմակերպությունում, որի տնօրենին Վարդապետյանը փաստացի չի վստահում, որ անգամ չեն էլ փորձել ճշտել՝ արդյոք տվյալ կազմակերպությունում իրականացվո՞ւմ է նման տեսակի փորձաքննություն: Եվ չնայած «Փորձաքննությունների ազգային բյուրոյից» դատախազությանը տեղեկացրել են, որ իրենց կառույցը նման տեսակի փորձաքննություններ չի իրականացնում՝ համապատասխան հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետների բացակայության պատճառով, առ այսօր Հովսեփյանի պաշտոնավարումը կասեցնելու որոշումը չի վերացվել:
Ինչ վերաբերում է Հովսեփյանին վերագրվող «ապօրինի» գույքերին և դրանց տեղակայման վայրերի շեշտադրմանը, ապա պարզվում է, որ պատասխանողին են վերագրվել անգամ նրա ծնողներին պատկանող սեփականությունները։ Ավելին՝ դատախազությունն այնքան է շտապել բռնագանձման հարցում, որ գործընթացն իրականացրել է առանց այդ գույքերի շուկայական արժեքների նախնական ու պատշաճ հաշվարկի։
Դատախազության կողմից գույքերի աշխարհագրության և քանակի ընդգծված թվարկումը՝ առանց պատկանելության իրավական հստակեցման և իրական արժեքի սահմանման, դուրս է իրավական տրամաբանությունից։ Սա դասական հանրային մանիպուլյացիա է, որտեղ թվերի տպավորիչ շարքն ու «գցել-բռնելու» մեթոդով ծնողների գույքը մեխանիկորեն որդուն վերագրելը ծառայում են բացառապես մեղադրանքի համար «ծանրակշիռ» ֆոն ապահովելուն։ Նման գործելաոճի նպատակն է ընթերցողների մոտ ձևավորել կանխակալ համոզմունք, թե իբր այդ ամբողջն անօրինական ճանապարհով ձեռք է բերել մեկ անձ, մինչդեռ իրականում գործ ունենք իրավական հիմնավորումների դեֆիցիտը քարոզչական հնարքներով լրացնելու շարքային փորձի հետ: