Այս տարի Ծաղակազարդը տոնում ենք մարտի 29-ին։ Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։
Ծաղկազարդի նախորդ օրը երեկոյան կատարվում է նախատոնակ և բացվում են եկեղեցիների խորանները։ Ծաղկազարդի առավոտյան մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ, տրվում է Սուրբ Հաղորդություն, իսկ պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ։
Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը երկու աշակերտներին ասում է. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:
Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում» (Մատթեոս 21:9):
Համաձայն եկեղեցու հայրերի՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, ինչպես նաև ունի արքաների համար նախատեսված առանձնակի պատիվներ և հանդիսավորություն ցուցաբերելու իմաստ: Բացի այդ, ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին։ Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա մուտք գործելը խոնարհության և խաղաղության իմաստն ունի:
Քանի որ Հայաստանում արմավենիներ և ձիթենիներ չկան, հայաստանյան եկեղեցիներն այդ օրը զարդարվում են ուռենու ճյուղերով: Եկեղեցական մեր Հայրերի կողմից ուռենին պատահականորեն չի ընտրվել Ծաղկազարդին եկեղեցիները զարդարելու համար, այլ հատուկ խորհրդով: Ուռենու կտրված ճյուղը, հողի մեջ տնկվելով, արմատակալում է և աճում: Այդպես էլ քրիստոնյաները կտրվելով նախկին հեթանոսական սովորույթներից արմատավորվեցին ճշմարիտ հավատքին: Ուռենու ճյուղերը ոչ թե վեր են բարձրանում, այլ խոնարհվում են: Սա ցույց է տալիս, որ նույնպես քրիստոնյաները պետք է խոնարհ լինեն: Երբ կտրում են ուռենու գագաթը, այն կրկին առատ շիվեր է տալիս: Այսպես նաև շատ մարտիրոսներ գլխատվեցին և երկնային անթառամ պսակների արժանացան:
Այս օրը պատկերն է նաև արարչության առաջին օրվա, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկինքը կատարելությունների և հրեշտակների տեղն է, ովքեր Աստծու մերձավորներն են և Նրան անդադար փառաբանողները, իսկ երկիրը` մարմնավորների ու անկատար անասունների, որոնք, զուրկ լինելով բանականությունից, հեռու էին Աստծուց: Այս երկուսի մեջտեղում դրախտն էր, որը տեղն էր բանական մարդկանց, ովքեր գտնվում էին հրեշտակների և անասունների միջև: Եվ Տերն այնպես կարգեց, որ եթե մարդը երկնքի բնակությունը ցանկանա, երկնայիններին նմանվի, իսկ եթե երկրի բնակությունը ցանկանա, անասուններին նմանվի: Մարդը անկում ապրեց դրախտից, և այսօր հատկապես Ծաղկազարդի արարողությունները հորդորում են աստվածահաճո կյանք ապրելով` փափագել երկնային բնակության: