Հետևեք մեզ։

Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա»․ «Հետք»

13:44, 31 մարտ 2026
Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա»․ «Հետք»

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Բորյա Չիլինգարյանը որոշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և այլ պաշտոնյաների վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնել։

Որոշման մասին քննիչը մեզ տեղեկացրել է փոստով ուղարկված նամակով։ 10 էջանոց նամակի առաջին երկու էջում գրել է, թե ինչու չի նախաձեռնել քրեական վարույթը, իսկ մյուս 8 էջերում քրեական վարույթ չնախաձեռնելու բուն որոշումն է, որը ստորագրությամբ հաստատել է նաև Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա․ Գևորգյանը։

Քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը, ինչպես վերևում նշեցինք, բաղկացած է 8 էջից։ Դրանից 6․5 էջում արտատպված է «Հետքի» հոդվածի մեծ մասը։ Քրվարույթ չհարուցելու 1.5 էջանոց փաստաթղթում քննիչը գրել է, որ լրագրողական հոդվածի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն չի պարունակում այնպիսի տվյալներ, որին կարող էր տրվել Քրեական օրենսգրքով սահմանված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, որի պատճառով էլ որոշել է քրեական վարույթ չնախաձեռնել։ 

Այս որոշումը հիմնավորելու համար քննիչը նշել է, որ հոդվածում ներկայացվածը բազմաշերտ իրավական հարաբերություններ են (ձեռնարկատիրություն, անշարժ գույքի օտարում և այլն)։ 

«Հաղորդմամբ արձանագրված իրադարձություններին վերաբերելի փաստական տվյալները չեն հաղթահարում քրեական վարույթի նախաձեռնման համար անհրաժեշտ նվազագույն իրավական շեմը, դրանք բովանդակում են առերևույթ հանցանքների հնարավոր կատարման վերաբերյալ կասկածներ, միաժամանակ՝ դրանց ստուգման ընթացքում առանձին հանգամանքների վերաբերյալ ձեռքբերված հակասական տվյալներ (օրինակ՝ հաղորդմամբ ներկայացված՝ որպես զբոսայգու տարածք նկարագրված օտարված հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում երբևէ ընդգրկված չլինելու վերաբերյալ ՏԻՄ պաշտոնական գրություն և այլն), նաև բացառապես գործարքի կողմերի փոխկապակցվածությունից բխեցվող հետևություններ, ուստի տվյալ իրավիճակում քրեադատավարական արձագանքը կհակասի քրեական իրավունքի սուբսիդիար բնույթին և դրա գործառութային նպատակին՝ հանգեցնելով հանրային իրավահարաբերությունների անհիմն քրեականացման»,- եզրահանգել է Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան՝ այդուհանդերձ հոդվածն ուղարկելով Կոմիտեի մեկ այլ ստորաբաժանում՝ օպերատիվ ստուգման։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները