Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքով»։
Դաշինքի կազմում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Նոր դարաշրջան» կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը։
Մարտի 31-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ձևավորման մասին համաձայնագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։
Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք որոշում են կայացրել նոր ուժերի հետ կազմել դաշինք, հրավիրել նոր ուժերի՝ Հայաստանի քաղաքական համակարգում փոփոխություններ բերելու նպատակով։
«Այն, ինչ ունենք այսօր, եղել է մեր քաղաքական համակարգի անկատարության արդյունք, և մենք պետք է հնարավորություն տանք երիտասարդ և մեծ պոտենցիալով ուժերին, որպեսզի կարողանանք երկրում որակական փոփոխություններ բերել»,- նշել է Կարապետյանը։
Նա նշել է, որ այս ընթացքում դաշինք կազմելու շուրջ շփումներ ունեցել են արտախորհրդարանական շատ ուժերի հետ, սակայն իրենց պատկերացրած ձևաչափը քաղաքական համակարգի որոշակի տրանսֆորմացիան է, փոփոխությունն ու ՀՀ քաղաքացիներին նոր առաջարկ ներկայացնելը։
«Մենք տեսել ենք համագործակցության այս ֆորմատը, քանի որ տեսնում ենք, որ սա համախմբման և փոփոխության մեծ պոտենցիալ է ստեղծում»,- ասել է Կարապետյանը։