«Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, Դավիթ Մինասյանն ունեցել է գիտակցության կորուստ, այսինքն մի բան, ինչի մասին մենք ահազանգում էինք այս մի քանի օրը. Իր մոտ դա ախտորոշված է՝ ուշագնացություն, կոլապս, ընդ որում, դա ախտորոշումներից միայն մեկն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1–ին, «Էջմիածին» ԲԿ–ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Դավիթին տեղափոխել են Էջմիածին ԲԿ, սակայն քիչ առաջ վերադարձրել են «Արմավիր» ՔԿՀ։
Հիմա, ինչպես տեսաք, հիվանդանոցից նորից տեղափոխեցին քրեակատարողական հիմնարկ, շտապողականությունն ակնհայտ էր։ Մենք անգամ չհասցրեցինք բժշկական փաստաթղթերը բերել, ներկայացնել։ Մենք ուզում էինք, փաստաթղթերը ներկայացնել, որ բժիշկը ծանոթանար, որպեսզի կարողանար եզրահանգում անել, թե ինչի հետևանք կարող է լինել գիտակցության կորուստը։ Բայց չհասցրեցինք, տարան ՔԿՀ։
Ես ուղղակի ահազանգում եմ՝ կրթության նախարար, առողջապահության նախարար, մարդու իրավունքների պաշտպան, ո՞ւր եք։ Կրթության նախարար, քո դպրոցական երեխային զրկել են ազատությունից, որը տառապում է ծանր հիվանդություններով։ Եզակի դեպք է, այսպիսի դեպք մենք չենք ունեցել։ Ոչ մի արձագանք չկա, ի՞նչ է արել այս երեխան իրավական տեսանկյունից։ Այստեղ չկա իրավաբանություն»,–ասաց նա։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ ասաց, որ իր մոտ միայն երկու փաստաթղթի պատճեն է եղել, դրանք է ներկայացրել։ «Ինձ ընդամենը աշխատողներից մեկն ասաց՝ Հայաստանի կեսը այս ամեն ինչը ունի։ Դավիթը չի նվնվում, անընդհատ չի տնքում, չի ասում՝ ես վատ եմ, բայց Դավիթը իհարկե լավ չէր, դուք տեսա՞ք իր վիճակը, այսօր ընդհանրապես որևէ բան դեռ չէր կերել։ Ինքը գրեչկայից, եգիպտացորենից, բրնձից, ամեն ինչից ալերգիա ունի։ Ինքը հատուկ սննդակարգով է սնվում։
Լավ, մենք հայտարարեցինք, որ էս երեխան էսքան հիվանդություն ունի, երեք րոպե սպասեք, մայրը բժշկական փաստաթղթերը բերի։ Բա բժիշկները չսպասե՞ն, մի հատ ասեին՝ հլը բերեք տեսնենք էդ ինչի մասին եք դուք խոսում։ Էս երեխեն կարող է մի հատ ԿՏ-ի կարիք ուներ, կարող է սոնոգրաֆիայի կարիք ուներ, հլը բերեք ձեր էդ թղթերը տեսնենք ինչի մասին է, երեք օրը խոսում ենք ախր էդ մասին։ Իրենց հետազոտությունն ավարտվեց ընդամենը հարցնելով, թե «ո՞նց ես, տղա՛ ջան», մի հատ էլ սոնոգրաֆիա արեցին»,- նշեց Էլբակյանը։