«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ.
-Երբ հայտարարվեց, որ Երեւանի ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության շտաբը Դուք եք ղեկավարելու, հատուկ շեշտվեց, որ ՏԻՄ ընտրություններում նման փորձ ունեք։ Տարբերություններ կա՞ն մարզերի ՏԻՄ եւ Երեւանի ընտրությունների միջեւ։
-Եթե քաղաքացու հետ աշխատելու տեսանկյունից ենք դիտարկում, իհարկե, տարբերություն չկա։ Բոլոր՝ ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ համայնքներում, այդ թվում՝ Երեւանում, մեզ համար կարեւոր է քաղաքացու հետ բաց եւ անկեղծ շփումը։ Կուսակցությունը շատ քիչ ժամանակում՝ հիմնադրումից անմիջապես հետո ընդամենը 1․5 տարվա ընթացքում ակտիվ մասնակցելով ՏԻՄ ընտրություններին, կարողացել է վստահություն ստեղծել հանրության շրջանում․ մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացվածություն է ապահովել 18-ում, համատեղ կառավարում է ստանձնել Տաթեւում եւ հաղթել է Նոյեմբերյան, Ալավերդի համայնքներում։ Բոլոր տեղերում մարդկանց ընտրելու մոտիվացիան նույնն է, պետք է պարզապես նրանց տալ ազնիվը, որակյալը, պատասխանատուն ու նվիրվածն ընտրելու հնարավորություն։ Այս որակները պարզապես չեն մերժում ոչ մի վայրում։ Իհարկե, պետք է կարողանալ ստեղծել մարդկանց մոտ վստահություն, որ դու հենց դրանք կրող ուժն ես։ Անհամեստություն չենք ուզում անել․ արդեն մեր անցած ճանապարհը մեզ թույլ է տալիս վստահաբար ասելու, որ ժողովրդի հետ ճիշտ աշխատելով կարողացել ենք ձեռք բերել վստահություն, եւ դա մեզ համար հիմք է ասելու, որ երեւանցին եւս ընդունելու է մեր առաջարկը։ Երեւանի ընտրությունները ոչ միայն համայնքի ընտրություններ են, որը որոշելու է մայրաքաղաքի առաջիկա հինգ տարվա զարգացումը, այլ նաեւ` քաղաքական կարեւոր իրադարձություն, քանի որ ակնհայտ է, որ Երեւանում մեր հաջողությունն էապես փոխելու է հետագա քաղաքական գործընթացների ընթացքը, եւ մենք այս ճանապարհը համարում ենք ամենաարդյունավետը երկրում ամբողջական պատասխանատվություն ստանձնելու մասով։
- Դեռ քարոզարշավը չի սկսվել, բայց «Ապրելու երկիրը» տարբեր համայնքներում շտաբներ է բացում, քանի՞ շտաբ եք նախատեսում ունենալ, շտաբ բացելն ինչքանո՞վ է արդյունավետ քարոզարշավ անելու գործում։
-Նախընտրական քարոզարշավը դեռ չի սկսվել, մենք շտաբներ դեռ չենք բացում։ Հիմա պարզապես Երեւանի տարբեր թաղամասերում մեր գրասենյակներն ենք բացում։ Նպատակը երեւանցիներին տեղերում մոտ, ավելի հասանելի լինելն է։ Նկատում ենք նաեւ, որ քաղաքացիների մոտ կա հետաքրքրություն մեր գործունեության նկատմամբ, հաճախ են մեզ տարբեր հարցերով դիմում։ Որոշել ենք այնպես անել, որ ոչ թե իրենք գան մեզ մոտ՝ միայն Կենտրոն, այլ մենք գնանք իրենց թաղամասեր։ Մենք ունենք նաեւ գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, անկախ նրանից՝ ներկայացված ենք այդ համայնքների ավագանու կազմում, թե՝ ոչ։
-Ի՞նչ ոչ ստանդարտ մեթոդներ եք կիրառելու։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին բակային իրազեկման մեթոդն էր ընտրել՝ գարաժների տանիքների վրա կանգնում էին եւ մեգաֆոնով դիմում շենքերի բնակիչներին․ դուք քարոզարշավի ի՞նչ կոնցեպտ ունեք։
- Թույլ տվեք այս պահին քարոզարշավի մեր մեթոդները չբացահայտել, միայն ասեմ՝ հետաքրքիր ու կրեատիվ պահեր կլինեն անպայման, մարդիկ չեն ձանձրանա (ժպտում է): Իսկ եթե ավելի լուրջ, բովանդակային մասով՝ լինելու ենք հասանելի ու հասկանալի բոլորի համար քարոզարշավի ամբողջ ընթացքում։
- Սեւ փիառին ինչպե՞ս եք հակազդելու եւ ինքներդ սեւ փիառ, մրցակիցների մասին ոչ հաճելի կամ անձնական ինֆորմացիա պատրաստվո՞ւմ եք հրապարակել։
-Ցավում եմ, որ ատելությունն ու կեղծիքը դարձել են քաղաքական դաշտի անբաժան մասը, որի մասով, սակայն, հասարակության հավաքական վերաբերմունքը պարզ է․ մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը բոլորի մասին շատ լավ են հասկանում։ Մեր աշխատանքը լինելու է եւ կա քաղաքացու հետ՝ խոսել ուղիղ եւ ճշմարիտ։ Քաղաքացին ամեն բան լսելու է մեզնից, եւ ամեն մտահոգության ու հարցի մասին մենք միշտ տալիս ենք պարզ եւ ազնիվ պատասխան։
-Սեւ փիառին ինչպե՞ս եք հակազդելու եւ ինքներդ սեւ փիառ, մրցակիցների մասին ոչ հաճելի կամ անձնական ինֆորմացիա պատրաստվո՞ւմ եք հրապարակել։
-Ցավում եմ, որ ատելությունն ու կեղծիքը դարձել են քաղաքական դաշտի անբաժան մասը, որի մասով, սակայն, հասարակության հավաքական վերաբերմունքը պարզ է․ մարդիկ զզվել են ատելության խոսքից, իսկ ճշմարտությունը բոլորի մասին շատ լավ են հասկանում։ Մեր աշխատանքը լինելու է եւ կա քաղաքացու հետ՝ խոսել ուղիղ եւ ճշմարիտ։ Քաղաքացին ամեն բան լսելու է մեզնից, եւ ամեն մտահոգության ու հարցի մասին մենք միշտ տալիս ենք պարզ եւ ազնիվ պատասխան։
-Համացանցում քարոզարշավ լինելո՞ւ է, ասենք՝ ֆեյսբուքյան գովազդի տեսքով։
-Իհարկե, այսօր համացանցը դարձել է տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը, եւ բնական է՝ մենք նույնպես անմասն չենք դրանից։
-Դուք անձամբ լինելո՞ւ եք ավագանու ցուցակում։ Հետընտրական ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում՝ հնարավո՞ր է, որ ձեր ընտրողներին փողոց հանեք։ Եվ եթե անցնեք ավագանի, ո՞ր ուժերի հետ կհամագործակցեք ընտրություններից հետո։
-Այո, ես լինելու եմ Երեւան քաղաքի ավագանու թեկնածու։ Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա ասեմ, որ մենք պատրաստվում ենք վճռական հաղթանակի։ Միեւնույն ժամանակ, այն ուժերը, որոնք պատրաստ են մեր հայտարարած «կարմիր գծերի» շրջանակներում համագործակցել մեզ հետ՝ իշխանափոխությունից հետո հանուն Երեւանի եւ պետության զարգացման, մենք բաց ենք՝ այդ մասով քննարկումներ ունենալու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։