Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։
«Մեզ համար ակնհայտ է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիան երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TASS-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետը։
Ավելի վաղ հայկական մամուլում էին լուրեր շրջանառվել այն մասին, թե քննարկումներ կան Ռուսաստանին կոնցեսիոն կառավարման տրված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Ապրիլի 1-ին թեմային անդրադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ այդ հարցով Ռուսաստանը ոչ Երևանի, ոչ Աստանայի հետ բանակցություններ չի վարում։
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», - ասել էր վարչապետը։
Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։