Շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով պայմանավորված՝ Մեծամորի ատոմակայանն ապրիլի 1-ից 5 ամիս ժամկետով հանվել է շահագործումից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ Հայաստանում արևակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ցուցանիշների աճի համատեքստում։
«Ամենայն հավանականությամբ, 2026 թվականին մեր արևային կայաններն արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, ինչքան արտադրած կլիներ Մեծամորի ատոմակայանն աշխատելու պարագայում։ Այդ թվերն իրար համադրելի կլինեն, վստահաբար»,-համոզմունք հայտնեց նախարարը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արևային կայանների տեղադրման թռիչքաձև աճ է տեղի ունեցել։ Նա հայտնել է, որ այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատն արդյունաբերական, իսկ 662 մեգավատը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններ են։
Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շահագոչրծման ժամկետն ավարտվում է 2026 թվականի աշնանը։ Այժմ աշխատանքներ են իրականացվում ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու աշխատանքները։ Հայաստանի կառավարությունն այս ընթացքում տարբեր երկրների հետ քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Որոշվել է, որ նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլային տեսակի, նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։