Հետևեք մեզ։

Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան

11:36, 03 ապրիլ 2026
Հրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան

«Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հրազդանի կիրճի տարածքում նկատել էին մի քաղաքացու, որը ոստիկաններին տեսնելիս դրսևորել էր տարօրինակ վարքագիծ։ Ոստիկանները փորձել են հետապնդել, ինչի արդյունքում քաղաքացին դիմել է փախուստի»,- նշել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանը։

Վազելիս երիտասարդը նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Փախուստը, սակայն, երկար չի տևել․ բարդ տեղանքում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Փորձելով անցնել կիրճում գտնվող ջրատարը՝ նա ընկել է ջուրը։ Դուրս գալու անհաջող փորձից հետո երիտասարդն օգնություն է խնդրել ոստիկաններից, և Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից։ Պարզվել է, որ 20-ամյա երիտասարդը թմրամիջոցով փաթեթներ է տեղադրել։

Ոստիկանության գվարդիայի 1-ին գնդի հատուկ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի հրամանատար Ալիկ Սարգսյանի խոսքով՝ բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։

«Ցուցադրված նկարներով տեղանքին լավ ծանոթ լինելով արագ կողմնորոշվել ենք և հայտնաբերել ենք փաթեթները»,- նշել է նա։

Կպչուն ժապավենով երեք փաթեթն էլ հայտնաբերվել է։ Թմրամիջոց իրացնելու կասկածանքով երևանցի երիտասարդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները