Հետևեք մեզ։

Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար. ՊՊԾ պետ. Aysor.am

11:55, 06 ապրիլ 2026
Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար. ՊՊԾ պետ. Aysor.am

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Պետական պահպանության ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար, այս մասին Aysor.am-ին հայտնել է ՊՊԾ պետ Արթուր Գասպարյանը։

«2026 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում պետական պահպանության օբյեկտի նկատմամբ քաղաքացու ոտնձգությունը կանխելու ընթացքում Ծառայության ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար՝ ուղղված լինելով պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխարգելելուն, վերջիններիս
ուղղված սպառնալիքները չեզոքացնելուն և վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն»,- Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝  նշել է Արթուր Գասպարյանը։

ՊՊԾ պետն ընդգծել է՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողները, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու Օրենքով նախատեսված կարգով և դեպքերում:

Հիշեցնենք՝ ներկուսակցական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկազարդի օրը կուսակիցների հետ շրջել է Կենտրոն վարչական շրջանում, այնուհետև որոշել Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել պատարագի:

Փաշինյանի ներկայությունը հավատավոր ժողովրդից ոմանց դուր չէր եկել, միջադեպ էր գրանցվել, երեք անձ էր ձերբակալվել։

Ձերբակալվել էին երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։ Գևորգյանն ու եղբայրներից Միքայելն ազատ են արձակվել, իսկ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է, նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանին հարվածելու մեջ։ 

18-ամյա Դավիթին, ով ունի առողջական լուրջ խնդիրներ, նախ տեղափոխեցին «Արմավիր» ՔԿՀ, ապա Էջմիածնի ԲԿ, հետո՝ կրկին «Արմավիր» ՔԿՀ, ապա «Աբովյան» ՔՀԿ, հետո՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները