Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Ալխաս Ղազարյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով փոփոխություններ են առաջարկում Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում։
Պատգամավորները շրջանառվող նախագծով առաջարկում են սահմանել, որ Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկն անվավեր է, եթե քվեաթերթիկը կամ ծրարը ներառում է որևէ գրառում կամ նշում, կամ ծրագրում բացի քվեաթերթիկից առկա է ցանկացած այլ իր։ Գործող կարգավորմամբ՝ ծրարում այլ իրի առկայության դեպքում քվեաթերթիկն անվավեր չի համարվում։
Պատգամավորներն առաջարկում են նաև սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անուններ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ կամ դրանց հոլովաձևեր։ Նաև առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ։
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեատուփից ծրարը հանելուց և ծրարից քվեաթերթիկը հանելու ընթացքում ձեռքում այլ իր չպետք է ունենա։