Հետևեք մեզ։

Միրզոյանը Սալիվանի և Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը

21:17, 28 հունիս 2023
Միրզոյանը Սալիվանի և Բայրամովի հետ հանդիպմանն ընդգծել է Բաքվի կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում հունիսի 28-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հասնելու համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի հիման վրա սահմանազատման հարցում առավելագույն որոշակիության ապահովման, ինչպես նաև զորքերի հետքաշման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին՝ ընդգծելով ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների պահպանմանն այլընտրանքի բացակայությունը:

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների պատշաճ հասցեագրման կարևորությունը: Անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում հունիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ունեցել է չորս զոհ՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն: