Հետևեք մեզ։

Նոյեմբեր-մարտ ամիսների հիդրոօդերևութաբանական պայմանները 2026-ի գարնանային վարարումների վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն․ Ազիզյան

13:52, 10 ապրիլ 2026
Նոյեմբեր-մարտ ամիսների հիդրոօդերևութաբանական պայմանները 2026-ի գարնանային վարարումների վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն․ Ազիզյան

Գետերում գարնանային վարարումների մեծությունները պայմանավորվում են նոյեմբեր-մարտ ամիսներին դիտված և ապրիլ-հունիս ամիսներին կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ազիզյանի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբեր և 2026 թվականի փետրվար և մարտ ամիսները առանձնացել են հիդրոօդերևութաբանական պայմաններով։ 2025 թվականի նոյեմբեր ամիսը եղել է երկրորդ ամենատաք և չոր նոյեմբերը՝ սկսած 1935 թվականի դիտարկումներից։

 

«2026 թվականի փետրվար ամսվա օդի միջին ջերմաստիճանը կազմել է 0․1 աստիճան, որը բարձր էր նորմայից 4․9 աստիճանով։ Այն ամենատաք փետրվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Փետրվարը նաև տեղումնառատ էր․ տեղումների ամսական քանակը կազմել է 78 մմ, որը կազմում է նորմայի 206 տոկոսը։ Այն հանդիսացել է երրորդ ամենատեղումնառատ փետրվարը՝ սկսած 1935 թվականից։

2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 աստիճան, որը նորմայի սահմաններում էր՝ նորմայից փոքր-ինչ ցածր՝ 0․2 աստիճանով։ Մարտը տեղումնառատ էր՝ ամենատեղումնառատը՝ սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98 մմ  (նորմայի 198 տոկոսը)։

2025 թվականի դեկտեմբեր ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -2․2 աստիճան՝ նորմայից բարձր 1․4 աստիճանով, տեղումների ամսական քանակը՝ 39 մմ (նորմայի 114 տոկոսը)։ Հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -5․6 աստիճան, որը նորմայի սահմաններում էր, իսկ տեղումների քանակը՝ 46 մմ (նորմայի 131 տոկոսը)»,- նշել է Ազիզյանը։
Ըստ նրա՝ նոյեմբեր-մարտ ամիսների դիտված հիդրոօդերևութաբանական պայմանները 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները