Այսօր չկա որևէ քաղաքական ուժ, ներառյալ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», որն ի վիճակի լինի միայնակ մեծամասնություն կազմել խորհրդարանում։ Ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, բացի գործող իշխանություններից։ Նրա խոսքով՝ դաշինքը բաց է համագործակցության համար նաև նոր խորհրդարանի ձևավորումից հետո։ Դանիելյանը նշել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է հստակեցնեն իրենց անելիքը. եթե չկա միասնական համագործակցություն, ապա ո՞րն է նրանց օրակարգը։ «Ո՞ւմ հետ են նախընտրում համագործակցել՝ ընդդիմության հետ, թե՞ ՔՊ-ի»,- հարց է տվել նա։
«Անկեղծ ասեմ՝ այս պահի դրությամբ որևէ մեկին 50+ տոկոս չեմ տեսնում՝ և՛ ՔՊ-ին, և՛ ընդդիմությանը։ Բայց կարծում եմ՝ հավաքական ընդդիմությունը հնարավորություն ունի՝ ճիշտ աշխատանքի դեպքում, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից», - կարծում է պատգամավորը։ Նա նաև տրամաբանական է համարում, որ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա ամենաշատ ձայներ ստացած ընդդիմադիր ուժի շուրջ։
Անդրադառնալով դիտարկմանը, թե որքանով է ժողովրդավարական ցուցակի անցողիկ տեղերում հայր և որդի Քոչարյանների ներկայությունը, Գառնիկ Դանիելյանը հիշեցրել է, որ դա միանգամայն համահունչ է համաշխարհային փորձին, ինչպես նաև հենց իշխող ՔՊ-ի գործելաոճին։ «Լևոն Քոչարյանը թիմի անդամ է, գործող պատգամավոր։ Որևէ խնդիր չեմ տեսնում. այդպես է որոշել թիմը»,- նշել է նա։