Հետևեք մեզ։

Կարգելվի ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը օտարերկրյա տեսալսողական հաղորդումներում. նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում

15:41, 14 ապրիլ 2026
Կարգելվի ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը օտարերկրյա տեսալսողական հաղորդումներում. նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում

Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումների մասին նախագծով առաջարկվում է արգելել տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվությունն ու  օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելու բովանդակության տարածումը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ՀՀ ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Նախագիծը լրամշակվել է Արդարադատության նախարարության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործընկերների հետ գործակցության արդյունքում։ Մասնավորապես, որոշում է կայացվել, որ նախագծով կարգավորող պետական մարմնին կլիազորվի սահմանելու համապատասխան չափորոշիչներ, օրինակ, պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունների, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման դեպքերում»,-ներկայացրեց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվող փոփոխություններից և լրացումների համաձայն կհստակեցվեն տեսալսողական  հաղորդումների արգելքների դեպքերը։ Մասնավորապես՝  կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը, ցանցային օպերատորների նկատմամբ հստակ կսահմանվեն լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները, կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեություն իրականացնելու համար։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները