Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է երեկ Արցախում ադրբեջանական կողմի սադրանքի մասին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ:
Ըստ Փաշինյանի՝ այդ սադրանքը երկար ժամանակ նախապատրաստվել է ադրբեջանական տեղեկատվական գրոհներով.
«Ադրբեջանն իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում: Դրա ամենաթարմ ապացույցը նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված 22 56 բանաձևն է, որի 15-րդ կետում ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ անհանգստացած է Ադրբեջանի ղեկավարության ամենաբարձր մակարդակում հայերի դեմ կիրառվող թշնամական և սպառնալից հռետորաբանությունից և կոչ է անում Ադրբեջանին՝ մերժել այդ հռետորաբանությունն ու քայլեր ձեռնարկել ատելության խոսքի դեմ, պայքարել ատելության հանցագործությունների դեմ»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ ԵԽԽՎ որոշմամբ փաստահավաք առաքելություն կուղարկվի Լեռնային Ղարաբաղ: