Հետևեք մեզ։

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան

11:20, 18 ապրիլ 2026
Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան

Քաղաքացիների բարեկեցությունը մեծապես պայմանավորված է ոչ թե միայն անհատական ծախսերով, այլ պետական և համայնքային բյուջեների հնարավորություններով։

Կառավարության նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և նաև համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար։ Հետևաբար, հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ ես համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ հարկերի հաշվին են ֆինանսավորվում սոցիալական և տնտեսական բազմաթիվ ծրագրեր՝ առողջության ապահովագրությունից մինչև ենթակառուցվածքների զարգացում։

«Մարդիկ աշխատում են, հարկեր են վճարում, այդ թվում՝ հսկիչ դրամարկղային կտրոն են բացթողում կամ պահանջում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե, և պետական բյուջեից արդեն բաշխվում են՝ առողջության ապահովագրություն, կենսաթոշակների բարձրացում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստ, ուսուցիչների և զինվորականների աշխատավարձերի բարձրացում, ճանապարհների կառուցում, գիտության ֆինանսավորում և այլն»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ պետական բյուջեն պետք է ընկալել որպես համատեղ ներդրում։

«Բյուջեն ոչ թե մենք տալիս ենք ուրիշին, այլ բյուջեն մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Պետության մոդելը ճշգրիտ ընտանիքի մոդելն է»,- ասաց վարչապետը։

Նա նաև ներկայացրեց հարկային եկամուտների աճի ցուցանիշները։

«2017 թվականի համեմատությամբ, 2025 թվականին Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամուտները և հարկային եկամուտները 130 տոկոսով աճ են արձանագրել։ Եթե հանենք այս տարիների ընթացքում մոտավորապես 29 տոկոսի գնաճի ցուցանիշը, ապա բյուջեն ավելի քան կրկնապատկվել է։ Սա պետական համակարգի, քաղաքացիների և տնտեսվարողների համատեղ ջանքի արդյունքն է»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները