Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը հնարավորինս շուտ իրականացնելու ուղղությամբ։
Փաշինյանն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ընթացքում։
«Ես կարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների շփումները լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-ասաց վարչապետն՝ անդրադառնալով վերջին շրջանում վերոնշյալ երկրների պաշտոնատար անձանց միջև տեղի ունեցող շփումների ու հանդիպումների ակտիվացմանը վերաբերող հարցին։
Խոսելով արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ճակատագրի, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման հեռանկարներին վերաբերող հարցի մասին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ առումով նորություններ չկան։
«Նոր բան չկա, բայց կա նաև այն, որ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Փորձում ենք հնարավորություններ գտնել՝ նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերությունները»,-ասաց վարչապետը։