Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ բանակում ինքնասպանությունների կամ ընդհանրապես ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը կապված են կրթական համակարգի և երեխաների հոգեբանական դիմակայունության հետ։
Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձավ ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի և դրանց կանխման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ հարցին։
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ խնդիրն առաջին հերթին կապված է կրթական համակարգի հետ։
«Համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից։ Ես նման դեպքերից հետո մի քանի անգամ աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ՝ ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը, որովհետև երբ ես փորձում եմ խորանալ այս դեպքերի մեջ, ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք»,-ասաց վարչապետ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական է տրվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը․ այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ։
«Ենթադրենք X թվով ինքնասպանություն ունենք. կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասի՝ տվյալ մարդիկ ունեն հետևյալ ընդհանրությունները։ Վերջին դեպքը, ինչքան ինձ զեկուցել են, զինվորը գրել է, որ զորամասում խնդիր չկա, երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին, որն, ըստ մեր տվյալների, նույնպես ինքնասպանություն էր գործել։ Եկել, նամակ է գրել ու այդ արարքը թույլ է տվել։ Ես կարծում եմ, որ հոգեբանական դիմակայության խնդիր է։ Տարածքը տեսահսկվում է, բայց այդ գործողությունը վայրկյաններ է տևում։ Դեպքեր ենք ունեցել, որ դա տեսախցիկի առաջ է տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով դպրոցում հոգեբանական դիմակայություն ստեղծելուն՝ Փաշինյանը մատնանշեց, որ 15-20-30-40 հոգանոց դպրոցում այդ հոգեբանական դիմակայությունը ստեղծել հնարավոր չի լինի։
«Մենք երեխային 10 տարի պահում ենք 40-50 մարդու շփման շրջանակում, հետո իրեն բաց ենք թողնում 8 միլիարդ բնակչություն ունեցող աշխարհ՝ ապրելու։ Դպրոցը պետք է նաև շփման միջավայր լինի, տարբեր իրադրություններ պետք է լինեն, կոնֆլիկտային իրավիճակներ պետք է լինեն, որ անհատականությունը հղկվի։ Մենք նեղ, կղզիացած երեխաներին պահում ենք, հետո վախ ենք ստեղծում իրենց մեջ նաև այդ մեծ աշխարհ դուրս գալու»,-ասաց Փաշինյանը։