Հետևեք մեզ։

Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ մայրուղին բոլորի աչքի առջև հստակ տեսք է ստանում. ՏԿԵ նախարար

12:42, 20 ապրիլ 2026
Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ մայրուղին բոլորի աչքի առջև հստակ տեսք է ստանում. ՏԿԵ նախարար

Հայաստանի ֆինանսական և շինարարական կարողություններն այնպիսին չեն, որ Հյուսիս-հարավ մայրուղին հնարավոր լիներ կառուցել 3-4 տարվա ընթացքում, բայց հաճելի է արձանագրել, որ մեզ համար կենսական նշանակություն ունեցող մայրուղին բոլորի աչքի առջև հստակ տեսք է ստանում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով Հյուսիս-հարավ մայրուղու տարբեր հատվածներում ընթացող շինաշխատանքների ներկա ընթացքին։  

«Առաջին կտորը Աշտարակից դեպի Գյումրի գնացող հատվածն է, որի շինարարությունն արդեն ավարտվել է, իսկ դեպի Արտաշատ գնացող հատվածի շինարարությունը վաղուց էր ավարտվել և բավականին երկար ժամանակ շահագործվում է։ Կառավարությունը հաստատել է նաև Երևանի Շերամի փողոցի հատվածի շինարարությունը։ Դա Հյուսիս-հարավ մայրուղու այն հատվածն է, որի շուրջ դատական ակտեր և վճիռներ կային։ Ուրախալի է, որ այդտեղ արդեն ունենք հանգուցալուծում, և առաջիկայում այդ կարճ հատվածում Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները կսկսեն շինաշխատանքները, որոնց ավարտից հետո Երևանն ամբողջապես կկապվի Գյումրիի հետ բացառապես Հյուսիս-հարավ մայրուղու միջոցով»,- ասաց Խուդաթյանը։

Նախարարը հաջորդիվ անդրադարձավ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր երկարությամբ հատվածին, որտեղ շինաշխատանքների շուրջ 45 տոկոսն արդեն ավարտված է։ Իրանական կապալառու ընկերությունը, Խուդաթյանի գնահատմամբ, բավականին լավ աշխատանքներ է իրականացնում, և դա անում է օրացույցային գրաֆիկի սահմաններում՝ առանց էական շեղումների։

«Դա նշանակում է, որ 2028 թվականի սկզբին կամ 2027 թվականի տարեվերջին մենք կխոսենք այս հատվածի բացման և շահագործման հանձնելու մասին, ինչն էականորեն կթեթևացնի Քաջարանից դեպի Ագարակ և դեպի Իրանի հետ սահման գնացող ճանապարհը։ Նոր կառուցվող ճանապարհի թեքությունը չի գերազանցելու հինգ տոկոսը, մինչդեռ գոյություն ունեցող ճանապարհը մինչև 12 տոկոս թեքություն ունի։ Այնտեղ ոլորաններ կան, ծովի մակարդակից 2535 մետր բարձրության վրա բարձրանալն էլ որոշակի խնդիրներ է ենթադրում։ Չնայած այն հանգամանքին, որ ճանապարհն այդտեղ լավ սպասարկվում է, այդուհանդերձ, հաճախ նշված բարձրության վրա լինում են ձյան առատ տեղումներ, ինչը դժվարացնում է դեպի Իրան գնացող և Հայաստան եկող բեռնատարների երթևեկը»,- ասաց ՏԿե նախարարը։

Նա ընդգծեց, որ այդ հատվածում կան Հայաստանի համար կարևոր նշանակության ենթակառուցվածքներ, որոնք նախկինում չեն եղել։ Այսօր կառուցվում են 15 կամուրջներ, որոնց մեջ կան 300, 600, 700 մետր երկարությամբ մի քանի կամուրջներ։ Նշված հատվածում կառուցվում են նաև երկու թունելներ, որոնցից մեկի երկարությունը մոտ 400 մետր է, մյուսինը՝ ավելի քան 500 մետր։ Նախագծային լուծումներ տալու ժամանակ այդ թունելների երկարությունը նախատեսվածից ավելի երկար է ստացվել։ Խուդաթյանը հիշեցրեց, որ անկախությունից ի վեր՝ թունելների բացակայության պատճառով քաղաքացիները ստիպված են եղել սարեր շրջանցել՝ անցնելով ավելի քան 8, 9, իսկ երբեմն էլ 10 կիլոմետր։    

«Քաջարանի թունելի մասով մրցութային գործընթացը գրեթե ամփոփված է։ Բանկի կողմից շուտով կստանանք կապալառուի հաստատումը, և ամռան ամիսներին արդեն շինարարական ընկերությունն այնտեղ կիրականացնի մոբիլիզացիոն աշխատանքներ։ Քաջարանի 8 կիլոմետր երկարությամբ թունելը կդառնա ՀՀ ամենամեծ ենթակառուցվածքը։ Այնտեղ նախատեսված են 5-6 տարվա շինաշխատանքներ։ Զուգահեռաբար բանակցում ենք ֆրանսիական գործընկերների՝ եվրոպական առաջատար ընկերություններից մեկի հետ, որն Ալպերում ավելի մեծ երկարությամբ թունելի կառուցման փորձ ունի։ Հաջող բանակցությունների արդյունքում կկնքվի երկկողմ պայմանագիր։ Նրանք կսկսեն նաև շուրջ 8 կիլոմետր երկարությամբ Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները։ Թունելներն իրար մոտեցնող և կապող ճանապարհների կառուցապատման մրցույթներն ավարտական փուլում են։ 2026 թվականին այդ ճանապարհների մասով շինաշխատանքները կմեկնարկեն»,- մանրամասնեց նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ այդ ամենից հետո Սիսիանի հատվածը կմիանա Քաջարան-Ագարակ հատվածին։ Այդ հատվածի տարբեր կտորներով շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 79 ամսում, ինչը նման ենթակառուցվածքի համար, ըստ Խուդաթյանի, իրականում երկար ժամանակ չէ։

«Հաջորդիվ կանցնենք Արտաշատից դեպի Սիսիան ճանապարհի կառուցմանը, որը մեր ամենաերկար հատվածը կլինի, որի շինարարությունը կիրականացնենք փուլերով։ Այնուհետև մեզ կմնա Գյումրիից շրջանցիկով դեպի Բավրա գնացող հատվածի շինարարությունը։ Այնտեղ նախագծային որոշակի պատկերացումներ ունենք, բայց այն աշխատանքները, որոնք մրցութային փուլում են, կտանենք շինարարության փուլ, որոշակի ժամանակ կհսկենք դրա ընթացքը և հետո միայն կսկսենք նոր նախագծեր։ Հայաստանի ֆինանսական և շինարարական կարողություններն այնպիսին չեն, որ Հյուսիս-Հարավ մայրուղին կարողանայինք կառուցել 3-4 տարվա ընթացքում, բայց ուրախ եմ, որ այն մեր բոլորի աչքի առջև հստակ տեսք է ստանում և բազմաթիվ կտորներ, այդ թվում՝ Գյումրիից դեպի Աշտարակ գնացող կտորը փաստացի հանձնվում է երթևեկությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտություն չկա սպասել ծրագրի ամբողջական ավարտին՝ այդ ճանապարհից օգտվելու համար»,- ասաց ՏԿԵ նախարարը։        

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները