Արմեն Աշոտյանի կալանավորման ժամանակահատվածում ես գործուղման էի Վիեննայում, իմ փոխարեն նրան այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Մանասյանը։ Նա ասաց, որ Արմեն Աշոտյանը պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել, նրա մտահոգությունները վերաբերել են գործի քննությանը և ընտրված խափանման միջոցին։
Նա ասաց, որ ՀՀԿ փոխնախագահի բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար արդեն իսկ հարցումներ են ուղղել համապատասխան մարմիններին, կապի մեջ են փաստաբանի հետ։
Լրագրողի հարցին, թե արդյոք ՄԻՊ-ը` Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ` Մանասյանն ասաց․«Քաղբանտարկյալ լինելու համար պարտադիր է ոչ միայն այն հանգամանքը, որ անձը քաղաքականությամբ զբաղվի, այլև նրա դեմ նախաձեռնված քրեական վարույթը լինի բացառապես նրա` քաղաքականությամբ զբաղվելու պատճառով։ Հայաստանում մենք ունենք որոշ վարույթներ, որոնցով անցնում են անձինք և զբաղվում են քաղաքական գործունեությամբ։ Սա դեռ չի նշանակում, որ նրանք քաղբանտարկյալներ են։
Բայց, սա նշանակում է, որ մենք այս գործերի հետ կապված շատ ուշադիր պետք է լինենք՝ երաշխավորելու համար կատարած ցանկացած հանցանքի համար պատժի կրման հավասարությունը»,- ասաց նա։