2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ համատեղ մամուլի հաղորդագրությունը.
«2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը և անդրադարձ կատարել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք այլ հարցերի։
Հայաստանը և ԵՄ պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։ ԵՄ ողջունել է Հայաստանի ընդհանուր արժեքներին համապատասխան բարեփոխումներն իրականացնելու շարունակական հանձնառությունը՝ չնայած տարածաշրջանում առկա անվտանգային բարդ համատեքստի: ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանին ՀԸԳՀ իրականացման ճանապարհին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) էական ֆինանսավորման և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների միջոցով:
Գործընկերության կոմիտեն քննարկել է զարգացումները օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ ԵՄ ողջունել է առաջընթացն նշյալ ոլորտներում։ Այնուամենայնիվ, ԵՄ ընդգծել է դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարևորությունը՝ հանրային հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն ընդգծել է խտրականության բոլոր դրսևորումները վերացնելու համար հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը և խրախուսել Հայաստանին ներգրավել քաղաքացիական հասարակությանը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում:
Գործընկերության կոմիտեն նաև անդրադարձել է տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին, կլիմայական գործողություններին և աղետների ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերում արձանագրված առաջընթացին: Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցությունը: Կարևորելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ Եվրոպական միությունը խրախուսել է Հայաստանին իր Ազգային մակարդակով սահմանված գործողություններում նախատեսել արտանետումների նվազեցման ավելի հավակնոտ թիրախներ:
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծել է մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով: Քննարկվել է նաև բարեփոխումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:
Գործընկերության կոմիտեն անդրադարձել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանը։ Այդ կապակցությամբ ԵՄ նշել է, որ չնայած երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով ԵՄ անդամ պետությունների հետ։
Գործընկերները քննարկել են նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում: Հայկական կողմը ներկայացրել է վերջին տեղեկությունները Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Երկուստեք մտահոգություններ են արտահայտվել հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ: Հայաստանը և Եվրոպական միությունը ողջունել են Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը:
Քննարկումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափին։
Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը»: