Հետևեք մեզ։

Բյուրոյի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված սիմպոզիումին

15:32, 29 հունիս 2023
Բյուրոյի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված սիմպոզիումին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հունիսի 19-21-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված տարածաշրջանային սիմպոզիումին։
 
Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի), ամերիկյան և եվրոպական խորհրդատվական ընկերությունների կազմակերպած սիմպոզիումին մասնակցում էին դատագենետիկական փորձաքննությունների ոլորտի առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից։
 
Միջոցառման շրջանակներում զեկույցներով են հանդես եկել Ռեդֆորդի անվան համալսարանի քրեագիտական ինստիտուտի, Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Բրյուս Բուդուլը, Իսրայելի դատաբժշկության ինստիտուտի դատափորձագիտական գծով ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար, դոկտոր Նուրիդ Բուբլիրը, Վրաստանի դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատեկենսաբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար, դոկտոր Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև ներկայացուցիչներ «Ինտերպոլ»-ից, «Thermo Fisher Scientific» ընկերությունից և այլ կառույցներից։
 
Բանախոսներն անդրադարձել են ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS և NDNAD բազաների օգնությամբ իրականացված փորձաքննությունների արդյունավետությանը, ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման գործընթացին, դրա նշանակությանը, ձևավորման և կիրառման առանձնահատկություններին և այդ առումով տարբեր երկրների փորձին՝ ներկայացնելով նաև ԴՆԹ քրեագիտական լաբորատորիաներում ձևավորված որակի ապահովման և հավատարմագրման անհրաժեշտ սկզբունքները։
 
Համաժողովի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են դատագենետիկական ոլորտի նորամուծություններին վերաբերող դասընթացին, որի ընթացքում ներկայացվել են միտոքոնդրիալ ԴՆԹ վերլուծությանը, խառը հետքերի վերլուծությանը, զոհերի նույնականացմանը (DVI), ԴՆԹ վերլուծության համար ոսկրերի մշակմանն, ինչպես նաև ռապիդ թեստերի միջոցով նույնականացման իրականացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցներն արդյունավետ քննարկումներ են ծավալել դատական փորձաքննությունների և հետազոտությունների տեսական և գործնական հարցերի շուրջ:
 
Սիմպոզիումի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը «GTH DNA» խորհրդատվական ընկերության ղեկավար Թիմ Շելբերգի հետ առանձին քննարկում է ունեցել և պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններին և ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանն առնչվող խնդիրների շուրջ համատեղ միջազգային միջոցառում կազմակերպելու և ակտիվ փոխգործակցության ծավալման վերաբերյալ։
 
Պայմանավերվածություն է ձեռք բերվել նաև Իսրայելի, Ղազախստանի և Վրաստանի գործընկերների հետ ԴՆԹ փորձաքնննությունների ոլորտում ակտիվ փոխգործակցության ծավալման և փորձի փոխանակման շուրջ։
 
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, ինչպես նաև տվյալների բազաների ձևավորմանն ու արդյունավետ կիրառմանը։