Հետևեք մեզ։

Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

11:35, 21 ապրիլ 2026
Նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախաբանում Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրին չպետք է հղում լինի։

Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

 

«Ես գիտեմ, որ այս թեմայով շատ քննարկումներ կան, մասնավորապես կապված նրա հետ, թե արդյոք նոր Սահմանադրության տեքստը պե՞տք է հղում պարունակի Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին։  Ես իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակ հայտնել եմ՝ ասելով, որ նոր Սահմանադրությունը չպետք է հղում պարունակի Անկախության հռչակագրին։ Իսկ ի՞նչ հիմնավորում ունի դա. շատ պարզ հիմնավորում։ Երեկ էլ ես խոսեցի և վերջին տարիներին խոսում եմ Ղարաբաղի շարժումը չշարունակելու անհրաժեշտության մասին։ Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն, և այս Սահմանադրության նախաբանում լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է, որ մենք վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, իսկ եթե վերսկսում ենք կոնֆլիկտն Ադրբեջանի հետ, դա նշանակում է, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Եթե հղում ենք անում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք որդեգրում ենք «Արևմտյան Հայաստանի» խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք «Ծովից ծով Հայաստանի» խոսույթը։

Այստեղ նրբությունը ինչի՞ մեջ է, եթե մենք այդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի դադարեցումը, «Արևելյան Թուրքիայի» խոսույթի դադարեցումը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքում հնչող կարծիքների հետ, թե Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հանելն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է.

«Հիմա էլ Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ խոսվում է, ասում են՝ դա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է։ Ես ասում եմ՝ եկեք մենք ինքներս մեզ հարց՝ մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։

Ես հստակ արձանագրել եմ, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, մենք Ղարաբաղի շարժումը պետք է դադարեցնենք, այսինքն՝ այսօր Հայաստանում Ղարաբաղի շարժումը դադարեցված է՝ առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կորոշեն այլ կերպ, բնականաբար, ես՝ որպես Հայաստանի վարչապետ, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այդ որոշումը կընդունենք ի գիտություն։ Այստեղ քննարկման թեմա չկա, մենք երբեք կասկածի տակ չենք առել և երբեք չենք առնի որևէ բան որոշելու ժողովրդի իրավունքը, բայց մենք նաև պարտավոր ենք՝ որպես ՀՀ քաղաքացիների մանդատն ունեցող քաղաքական ուժ, ներկայացնել քաղաքական այն բովանդակությունը կամ բովանդակության ընկալումը, որը մենք ձևավորել ենք նաև փորձի ընթացքում, որը ձևավորել ենք նաև վերջին 8 տարվա մեր գործունեության արդյունքում»,- ասել է Փաշինյանը։ Այս արձանագրումն ամեն օրվա հետ ավելի հիմնավոր է դառնում, որովհետև ընտրություններում պատերազմի եռագլուխ կուսակցության հաջողությունը կնշանակի Ղարաբաղյան շարժման շարունակություն՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ քաղաքական ուժն է, որը հստակ խոսում է Անկախության հռչակագրի խոսույթից հրաժարվելու անհրաժեշտության մասին։ «Ընդ որում, մենք հստակ ասում ենք՝ ժողովուրդ ջան, եթե մենք դա անենք իրար «աչքով տալով», ձև անելով, դա չի աշխատելու։ Մենք պետք է հստակ և անկեղծ կենտրոնանանք «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա։ Մեր գաղափարախոսությունն այն է, որ մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի վրա, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու վրա»,- մանրամասնել է Փաշինյանը։  

Նա շեշտեց՝ Հայաստանում սպասվող առաջիկա ընտրությունների արդյունքներով պատմաքաղաքական հեղափոխություն է սպասվում, քանի որ քաղաքացիների հետ շփումներում զգում է, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ընկալվում է Հայաստանի ժողովրդի կողմից։

«Եթե «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը Հայաստանի ժողովրդի կողմից ընկալված չլիներ, ես այսօր վարչապետ չէի լինի, որովհետև ես 2024 թվականին, եթե չեմ սխալվում, ասել եմ, որ ես՝ որպես Հայաստանի վարչապետ, որոշում եմ կայացնում, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, իսկ եթե ժողովուրդը  համաձայն չէ այս որոշման հետ, ես կոչ եմ անում ժողովրդին, դուրս գալ, հեղափոխություն անել և զրկել ինձ Հայաստանի վարչապետի պաշտոնից։

Առաջիկա ընտրություններում էլ այդ հնարավորությունը Հայաստանի քաղաքացիները ունեն։ Բայց նաև Հայաստանի քաղաքացիները ունեն իրականացնելու այդ պատմաքաղաքական հեղափոխությունը, երբ մենք կենտրոնանում ենք մեր ինքնիշխան պետության շահերի վրա և գործում ենք բացառապես այդ շահերի, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, խաղաղության շահերի համար, և սա պատմական ընտրություն է, որովհետև  վերջին հարյուրամյակներում առաջին անգամ մենք ունենք հնարավորություն, որ ոչ թե մեր շահերը արտապատվիրակենք ուրիշներին, որպեսզի նրանք իրենց հերթին այդ շահերն օգտագործեն իրենց նպատակների համար՝ մեզ զոհաբերելով, մենք հնարավորություն ունենք կենտրոնանալ, առերեսվել մեր խնդիրներին, մեր միջավայրում ձեռք բերել պայմանավորվածություններ... Ղարաբաղյան շարժման ավարտ նշանակում է նաև «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ավարտ և այդ կարգի խոսույթների ավարտ։ Եվ սա պատմական հնարավորություն է բոլորի համար։ Ոչ միայն Հայաստանի համար, սա պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար։ Երբ մենք այս առաջարկն անենք, այս առաջարկը որևէ մեկը չի կարող մերժել։ Ես նկատի ունեմ տարածաշրջանում և աշխարհում, որովհետև սա լեգիտիմ առաջարկ է, որովհետև սա լեգիտիմության վրա հիմնված առաջարկ է»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները