Այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման:
Այս մասին ասված է Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հայտարարության մեջ:
«Քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա և որոշակի ծավալով ու պարբերականությամբ կառավարության կողմից մատակարարվում է բոլոր փռերին: Դրան զուգահեռ պետական լիազոր մարմինն աշխատում է փռերի հետ՝ կանխելու դրանցից որոշների անբարեխիղճ վարքը՝ նախատեսվածից ավելի ալյուր ստանալու կամ հացեղեն վաճառելու տեսքով»,- ասված է հայտարարության մեջ: