Հետևեք մեզ։

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Բունիաթյանին․ նա միակ կին մարզիչն է, որ մարզում է տղամարդկանց

19:58, 29 հունիս 2023
Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Բունիաթյանին․ նա միակ կին մարզիչն է, որ մարզում է տղամարդկանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում բասկետբոլի ԱՊՀ-ի միասնական թիմում օլիմպիական չեմպիոն դարձած Էլեն Բունիաթյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին և սպորտում ունեցած նրանց հաջողությունները: Կարծում եմ՝ միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք և իդեալական կլինի, եթե պահպանվի կապը, տեղի ունենան փորձի փոխանակումներ, որոնք կօգնեն մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»։

Ըստ աղբյուրի՝ Էլեն Բունիաթյանն ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է աջակցելու ինչով կարող է:

Նշվում է, որ Էլեն Բունիաթյանը 1985-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմի կազմում: Եղել է ԽՍՀՄ-ի կազմում աշխարհի երիտասարդական չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: Այժմ Ղազախստանի «Ակտոբե» բասկետբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչն է, միակ կին մարզիչը աշխարհում, որը մարզում է տղամարդկանց թիմ: