Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը ևս ավարտեց իր ելույթները Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերում, որը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմի կազմում մեդալ նվաճելուն մոտ էին 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը, որոնք, սակայն, պարտվեցին քառորդ եզրափակչում և դուրս մնացին հետագա պայքարից:
Լեհաստանում ավարտին մոտեցող Եվրոպական ամառային երրորդ խաղերում երեկ մեկնարկել են թեքբոլի մրցումները:
Կրակովի գլխավոր հրապարակում ընթացող մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Քրիստինե Մանգասարյանը: Կանանց մենախաղում նա ընդգրկվել է A խմբում՝ ֆրանսիացի, գերմանացի և ուկրաինացի մարզուհիների հետ: Առաջին խաղում Մանգասարյանը 2:0 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դարիա Զելենսկայի նկատմամբ, սակայն երկրորդ ու երրորդ խաղերում զիջելով նախ ֆրանսիացի, ապա գերմանացի մարզուհիներին՝ չի կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Կրակովում անցկացվել է նաև կայծակնային շախմատի Եվրոպայի զույգերի առաջին առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը՝ ի դեմս Էլինա Դանիելյանի և Շանթ Սարգսյանի, նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Անհատական հաշվարկում Էլինան գրավել է առաջին, իսկ Շանթը՝ երկրորդ տեղը: