Հետևեք մեզ։

Առաջիկայում կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը․ Փաշինյան

13:51, 27 ապրիլ 2026
Առաջիկայում կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում կշարունակի Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատումը, օրակարգում է նաև Վրաստանի հետ սահմանի սահմանազատման ամփոփման հարցը: Այս մասին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

«Այսօր ձեր ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մի բացառիկ պատմական իրավիճակում, երբ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ, ՀՀ բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են և այնտեղ ծառայություն իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Հաջորդ կարևոր նորությունը. արդեն 2 տարի Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ այն է, որ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված և սահմանագծված 12 կմ սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում ՀՀ սահմանապահ զորքերը, և սա, նույնպես, շատ կարևոր և բացառիկ մի իրավիճակ է, և պետք է արձանագրեմ, որ այդ 12 կմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի միակ հատվածն է, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների և ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա են, այլ՝ պայուսակների մեջ դրած»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ սա տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունների, սահմանապահ զորքերի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ:

«Սա մեզ ստիպում է նկատել ակնհայտը, որ սահմանապահ զորքերը, սովորաբար, խաղաղության սիմվոլ են․ այնտեղ, որտեղ սահմանին կանգնած են սահմանապահներ, դեպքերի մեծամասնությամբ այդ սահմանին տիրում է խաղաղություն: Մեր ցանկությունն ու նպատակն է, որ ՀՀ բոլոր սահմանները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո, և մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում, իհարկե, մենք կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամաբանական ժամկետներում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը: Մենք օրակարգում, իհարկե, ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք: Սրանով, ըստ էության, ՀՀ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի և մեր պետությունը իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սահմանապահը նաև պետության, ինքնիշխանության, անկախության կարևորագույն սիմվոլներից է:

«Երբ ասվում է, որ սահմանը կսահմանազատվի, սահմանագծվի, մեր ցանկությունն է, որ մեր բանակի ծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունն իրականացնել մշտական տեղակայման վայրերում: Տասնյակ տարիներով մեր բանակն իր ծառայության մեծ մասն անց է կացնում խրամատներում, դիրքերում, որոնց պայմանները, մեզ հայտնի հանգամանքների բերումով, լավագույնը չեն: Մենք հիմա նաև սահմանների ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ ենք իրականացնում, բայց մեր նպատակադրումն այն է, որ իքս պահին մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որ սահմանապահ զորքերն այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն: Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում, և մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում և այդ փոփոխությունները, միանշանակ, դրական են, և մեր խնդիրն է, որ ՀՀ-ում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց սահմանապահ զորքերի ծառայողներին՝ նշելով, որ իրենց առջև դրված նոր առաքելություններն ակնկալում են պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ և մեծ պատասխանատվություն:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները