ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը, որից հետո տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Ասրյանի առանձնազրույցը Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:
Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։