Հետևեք մեզ։

Բյուրեղավանից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել. Ավանեսյան

13:23, 29 ապրիլ 2026
Բյուրեղավանից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել. Ավանեսյան

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակիչ հիվանդությամբ հոսպիտալացված 11 քաղաքացիները դուրս են գրվել բուժհաստատություններից, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պացիենտների վիճակը բավարար է, նրանք բոլորը դուրս են գրվել: Շարունակականություն չունենք այս մասով, եթե կլինի այլ անհրաժեշտ տեղեկություն կիսվելու, կներկայացնենք հանրությանը»,- ասաց Ավանեսյանը:

Բյուրեղավանի համայնքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով' սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Նշվել էր, որ իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։ Համայնքապետարանը կոչ էր արել զերծ մնալ խմելու ջուրն օգտագործելուց կամ օգտագործել եռացնելուց հետո։ 

Բյուրեղավան համայնքում ապրիլի 21-ին արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերով պայմանավորված՝ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնել են, որ կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները