Ֆրանսիայում արդեն երեք օր է ցույցերը չեն դադարում, որոնք հաջորդել են 17-ամյա դեռահասի սպանությանը, ով հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր։ Ոստիկանը կրակել էր նրա ուղղությամբ, ինչի հետևանքով պատանին մահացել է։ Ցույցները խաղաղ չեն անցնում․ BBC-ն հայտնում է 667 մարդու ձերբակալության մասին։
Ցույցերի ընթացքում թալանվել են խանութներ, հրկիզվել մեքենաներ։ Փարիզի կենտրում գտնվող խանութներից կողոպտիչները գողացել են կոշիկներ, պայուսակներ և հագուստ։ Թալանվել են նաև ոսկերչական խանութներ։ Ֆրանսիայում ցույցերի ընթացքում անկարգություններ թույլ չտալու համար տեղակայվել էր 40 հազար ոստիկան։
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հայտնել է նաև, որ ոստիկանները, ժանդարմներն ու հրշեջները գիշերը երկրում ծայր առած «հազվադեպ բռնությունները հաղթահարել են խիզախորեն»։