Հետևեք մեզ։

Եվրախորհրդարանը ՀՀ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում

16:26, 30 ապրիլ 2026
Եվրախորհրդարանը ՀՀ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել. բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

Բանաձևն աջակցում է 2026թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Փաստաթղթում կարևոր է համարվում ընտրական վարչարարության անկախությունը, հավասար քարոզչական պայմանները, մեդիայի բազմակարծությունը և հիմնարար ազատությունների լիարժեք պաշտպանությունը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։

Բանաձևը նաև ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրանում դրական է գնահատվում ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, CEPA-ի իրականացման ուղղությամբ առաջընթացը, վիզաների ազատականացման երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։

Բանաձևում առանձնահատուկ կարևորվում է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես կարևոր քաղաքական ազդանշան Հայաստանի հետ համերաշխության առումով։

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վրա։

Բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները