Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Վլադիմիր Զելենսկին չի գնա Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի երկրների ղեկավարները «քաջություն չունենան» իրենց շարքերը հրավիրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։
Նա պարզաբանել է, որ դա վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի վերաբերյալ որոշում կայացնելուն, որն Ուկրաինան ներկայացրել է սեպտեմբերի 30-ին։ Նրա խոսքով՝ պատասխանը նշանակում է անդամակցության հրավեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ եթե երկիրը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի հրավեր չստանա, ապա դա կնվազեցնի ուկրաինական զորքերի մոտիվացիան։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վիլնյուսում կանցկացվի հուլիսի 11-12-ը։