Հետևեք մեզ։

ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը

13:16, 05 մայիս 2026
ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը
Եվրոպական հանձնաժողովը բարձր է գնահատել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման Հայաստանի առաջընթացը։
 
 
Մայիսի 5-ին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ՆԳ նախարար, ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանին է փոխանցել առաջընթացի առաջին զեկույցը։ Այն արձանագրում է ՀՀ իշխանությունների հստակ քաղաքական հանձնառությունը՝ իրականացնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումները։ «Հայաստանի իշխանությունները Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով ակնկալվող բարեփոխումների իրականացման հարցում ամուր քաղաքական հանձնառություն են ցույց տվել։ Չնայած այն հանգամանքին, որ ՎԱԳԾ-ն Հայաստանին է փոխանցվել միայն վերջերս՝ բազմաթիվ բարեփոխումներ կամ արդեն իսկ նախաձեռնվել են, կամ ծրագրվում են Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասված է զեկույցում։
 
 
Գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հայտարարությունների ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գերակայությանը, ընդգծել է, որ հաճույքով են ներկայացնում առաջին առաջընթացի զեկույցը և շնորհավորել է դրա խիստ դրական բնույթի համար։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել նախորդ տարվա նոյեմբերից ի վեր կատարված արդյունավետ աշխատանքն ու արձանագրված առաջընթացը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները