Հետևեք մեզ։

Գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում․ Փաշինյան

14:31, 05 մայիս 2026
Գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումը էապես փոխվել է՝ վերափոխելով երկրի ռազմավարական դերակատարությունը տարածաշրջանում։  Փաշինյանը նշել է, որ չնայած Հայաստանը շարունակում է գտնվել նույն աշխարհագրական վայրում, նրա դիրքի ընկալումն ու նշանակությունը դարձել են բոլորովին այլ։

«Գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում»,-նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ նախկինում տարածված ընկալմամբ Հայաստանը դիտարկվում էր որպես բարդ տարածաշրջանում գտնվող երկիր՝ խնդրահարույց հարևանությամբ և անվտանգային ռիսկերով, ինչը երկար ժամանակ ձևավորել է երկրի քաղաքական և ռազմավարական մտածողությունը։

«Այսօր տեղի է ունեցել իրապես պատմական փոփոխություն։ Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագրությունն այլևս այն չէ, որ գտնվում ենք խնդրահարույց միջավայրում, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությամբ է անցնում Արևելքը Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը»-ընդգծել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս նոր ընկալումը ձևավորում է Հայաստանի զարգացման նոր տեսլական և ռազմավարություն։

Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունը կառուցվում է հենց այդ տրամաբանության վրա՝ նպատակ ունենալով իրացնել երկրի փոխկապակցվածության ներուժը։

Վարչապետը ներկայացրել է այդ ռազմավարության առանցքային երկու նախագծերը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը և «TRIPP»-ը։

««TRIPP» նախագիծը առաջին հերթին ենթադրում է երկաթուղային կապի վերականգնում Արևելքի և Արևմուտքի միջև»,-ասել է նա՝ հավելելով, որ նախագծի հիմնական ուղղություններից մեկը Հայաստանի հարավով անցնող երթուղին է։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ խոսքը միայն երկաթուղու մասին չէ։

«Այս նախագծերը ներառում են նաև էլեկտրահաղորդման գծեր, նավթատար և գազատար խողովակաշարեր, որոնք կարող են անցնել Հայաստանի տարածքով՝ կախված տեխնիկական և ինժեներական լուծումներից»,-ընդգծել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ներկայում կառավարությունը կենտրոնացած է այդ ներուժի իրացման վրա՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային կապերի կարևոր հարթակ։

Վարչապետը նաև անդրադարձել է ներդրումային միջավայրին՝ նշելով, որ վերջին զարգացումների արդյունքում Հայաստանի դիրքը զգալիորեն բարելավվել է։

«Այսօր Հայաստանը գտնվում է մի աշխարհագրական դիրքում, որտեղ ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է»,-նշել է նա՝ ընդգծելով, որ դա հնարավոր է դարձել տարածաշրջանում ձևավորվող խաղաղության պայմաններում։

Փաշինյանի խոսքով՝ այդ գործընթացում կարևոր դեր են ունեցել նաև միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները