Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Մակրոնի վերջին հայտարարությունների առնչությամբ։
Դեսպանին տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը սպասում է Մակրոնի խոսքերի պաշտոնական հաստատմանը կամ հերքմանը, որը հրապարակվել է հայկական լրատվամիջոցների կողմից։
Բուայոնը հայտնել է, որ ինքը տեղեկություն չունի այս առիթով։
Հիշեցնենք, որ Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում Մակրոնը հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների, ընթացող բանակցությունների ու Արցախի խնդրի մասին, ասել էր. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»։