Հետևեք մեզ։

Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա․ Մակրոն

15:58, 05 մայիս 2026
Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա․ Մակրոն

Հայաստանը վստահ քայլերով շարժվում է դեպի Եվրոպա՝ ընդգծելով, որ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Հայաստանը վճռականորեն ընտրել է խաղաղության և բարգավաճման ուղին, ամրապնդել է իր ժողովրդավարությունը՝ չնայած փորձություններին։ Հայաստանը վճռականորեն շարժվում է դեպի Եվրոպա և միշտ եղել է եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ առաջընթացը եվրոպական քաղաքականության ոլորտում, կարելի է ասել, ակնհայտ է ինձ համար այս վերջին երկու օրերի ընթացքում»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են պատմական կապերի և եղբայրության վրա, և ներկայում դրանք մտնում են նոր փուլ։

«Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարեկամությունը ձևավորվել է ընդհանուր պատմության և անսասան եղբայրության հիմքով, և այս հարաբերությունները այժմ նոր շրջադարձ են ապրում»,-ասել է նա։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ իր վերջին՝ 2018 թվականի այցից ի վեր Հայաստանն անցել է զգալի ճանապարհ՝ հաղթահարելով պատերազմի հետևանքները և անցնելով դեպի խաղաղության և զարգացման փուլ։

«Հայաստանն անցել է պատերազմի միջով, այնուհետև հաստատել է խաղաղություն, այնուհետև՝ բարգավաճում»,-նշել է Մակրոնը՝ հիշեցնելով, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը գրանցել է շուրջ 6 տոկոս միջին տարեկան աճ։

Մակրոնն ընդգծել է, որ վերջին օրերին Երևանում անցկացված միջազգային միջոցառումները վկայում են Հայաստանի եվրոպական ուղղության մասին։

«Այս ամենը 8 տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել՝ կազմակերպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով Երևանում, կազմակերպել Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողով»,-նշել է նա։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացումը՝ ընդգծելով ներդրումների, ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ եվրոպական ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավելացնել ներդրումները, խորացնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում և առաջ տանել վիզաների ազատականացման գործընթացը։

Մակրոնը նշել է, որ վերջին տարիներին հայ-ֆրանսիական հարաբերությունները զգալիորեն զարգացել են՝ ընդգրկելով բազմաթիվ ոլորտներ։

Նա հիշեցրել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին տարբեր ժամանակաշրջաններում, այդ թվում՝ 1988 թվականի երկրաշարժից հետո և 2020 թվականի իրադարձություններից հետո, երբ Ֆրանսիան տրամադրել է մարդասիրական օգնություն։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև տնտեսական համագործակցության ընդլայնումը՝ առանձնացնելով ենթակառուցվածքային ծրագրերը։

Նա անդրադարձել է ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ իրականացվող նախագծերին, այդ թվում՝ Բարգուշատի թունելի կառուցմանը, ինչպես նաև ջրային ոլորտում նախաձեռնություններին՝ «Վեոլիա»-ի ներգրավմամբ ջրամբարների և ոռոգման համակարգերի զարգացմանը։

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ակտիվ դերակատարություն ունի Հայաստանում նաև Զարգացման ֆրանսիական գործակալության միջոցով՝ աջակցելով ներառական և կայուն զարգացման ծրագրերին։

Մակրոնը նշել է, որ երկկողմ հարաբերություններում նոր փուլ է բացվել նաև պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով ռազմավարական գործընկերության համաձայնագրի կարևորությունը։

«Մենք ցանկացել ենք աջակցել Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը և ինքնիշխանության ամրապնդմանը»,-ասել է նա։

Ֆրանսիայի նախագահը կարևորել է նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությունը։

Նա առանձնացրել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դերը՝ որպես բարձրակարգ կրթական հաստատություն, ինչպես նաև մշակութային համագործակցության շրջանակում ստորագրված համաձայնագրերը՝ Ֆրանսիայի ազգային գրադարանի, Երևանի արվեստի և գրականության թանգարանի և Մատենադարանի միջև։

Մակրոնն ընդգծել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով, որ Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում ֆրանսիական համայնքային համագործակցության ծրագրերում։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգին և տարածաշրջանային կայունությանը։

«Մենք ցանկանում ենք և հաստատակամ ենք ձեզ ուղեկցել կայուն խաղաղության ճանապարհին»,-նշել է նա։

Ելույթի ավարտին Մակրոնը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և վերահաստատել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված ռազմավարական ուղուն։

«Այսօր ստորագրված համաձայնագրերը նոր ուղի են բացում առաջիկա տարիների համար»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները