Հետևեք մեզ։

ՔՊ-ականները նորից «վոյաժների» մեջ են․ Ծովինար Վարդանյանը մեկ ամսում արդեն երրորդ երկիրն է փոխում, այս անգամ` Հալկիդիկի

15:21, 30 հունիս 2023
ՔՊ-ականները նորից «վոյաժների» մեջ են․ Ծովինար Վարդանյանը մեկ ամսում արդեն երրորդ երկիրն է փոխում, այս անգամ` Հալկիդիկի

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հունիսի 16-ին ստորագրած կարգադրության՝ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Ծովինար Վարդանյանը, երեքն էլ՝ ՔՊ-ից, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեեվան 2023 թվականի հունիսի 29-ին մեկնել են Հալկիդիկի (Հունաստանի Հանրապետություն)՝ մասնակցելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 30-րդ հոբելյանական Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին։

Նրանք այնտեղ կմնան մինչև հուլիսի 3-ը։ Նկատենք, գործուղման մեկնած այս երեք պատգամավորներից Ծովինար Վարդանյանի համար այս ամիս արդեն երրորդ գործուղումն է։ Առհասարակ, ՔՊ-ականները «վոյաժների» մեծ սիրահար են, նրանց համար բյուջեի հաշվին ճամփորդելու և տարբեր էկզոտիկ վայրեր բացահայտելու համար հրաշալի ժամանակաշրջան է, ու նրանց մեջ հատկապես աչքի է ընկնում Ծովինար Վարդանյանը, որը տարին կլոր ինչ-որ գործուղումների մեջ է, որոնց նպատակներն ու երկրի համար բերած օգուտներն անհասկանալի են ու ոչ շոշափելի։ Վարդանյանն այնքան հաճախ է մեկնում գործուղման, որ երբ նա մի քանի օրով հանկարծ հայտնվում է Հայաստանում, ԱԺ-ում կատակում են, թե Ծովինար Վարդանյանը աշխատանքային այցով վերջապես վերադարձել է հայրենիք։

Օրինակ՝ այս ամսվա սկզբին նա հինգ օրով մեկնել էր ԱՄՆ՝ մասնակցելու Կանանց, խաղաղության և անվտանգության ազգային համակարգողների ցանցի բարձր մակարդակի հինգերորդ հանդիպմանը, հետո գնացել Վիեննա՝ ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրի՝ գենդերային բյուջետավորման թեմայի վերաբերյալ ուսուցողական այցին մասնակցելու, հիմա էլ հերթը Հունաստանինն է։ Առաջին երկուսի դեպքում Վարդանյանը միայնակ էր մեկնել գործուղման, այս անգամ՝ պատվիրակությամն կազմում։ Երեքի դեպքում էլ չափելի չէ, թե ինչ օգուտ է քաղել Հայաստանի Հանրապետությունը ՔՊ-ական պատգամավորի տուրիստական շրջագայություններից և ինչ օգուտ են, առհասարակ, տվել ՔՊ-ականներն վերջին հինգ տարիներին իրենց կատարած գործուղումներով։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ