Հետևեք մեզ։

Խուճապ մի առաջացրեք, ժողովուրդն ուզում է ապրել այստեղ, ով ուզում է քինա, ջիհանդամը քինա. Արայիկ Հարությունյան. «Սիվիլնեթ»

15:46, 30 հունիս 2023
Խուճապ մի առաջացրեք, ժողովուրդն ուզում է ապրել այստեղ, ով ուզում է քինա, ջիհանդամը քինա. Արայիկ Հարությունյան. «Սիվիլնեթ»

Հունիսի 29-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Օրակարգի առաջին հարցն Արցախի նախագահի 2022 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ընթացքի, արդյունքների և 2023 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի վերաբերյալ հաղորդումն էր: Նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվում էին ինչպես հաղորդմանը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի սադրանքներին ու բանակցային գործընթացին: ՍիվիլՆեթը ներկա է եղել նիստին և գրի է առել պատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։

 

 

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունից Արմեն Հակոբյանը հարցրեց շատ քննարկվող թեմաներից մեկի՝ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ բաձրաստիճան, կամ նրանց ընտանիքի անդամների՝ ամիսներ շարունակ Արցախից դուրս գտնվելու մասին․ «Խնդրում եմ հայտնել Ձեր վերաբերմունքը, ձեր որոշումը այդ մարդկանց հանդեպ»։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ մի բարձրաստիճան պաշտոնյա ունենք դրսում և դա մեր արտաքին գործերի նախարարն է։ Իսկ պաշտոնյաների նկատմամբ, որոնց ընտանիքները դրսում են, պիտի խիստ որոշումներ կայացվեն, արդեն ԱԱԾ-ին ուղղված հանձրարականներ կան․ «Կա հիմնավորված, և կա չհիմնավորված բացակայություն։

Դրանով չպիտի սահմանափակվենք, ես հանձնարարել եմ նախագահի աշխատակազմին, շատ լուրջ որոշումների փաթեթ ենք ներկայացնելու։ Նրանք, ովքեր թողել են երկիրը, գնացել, այսօր վարձակալությամբ տվել իրենց գույքը և ստանում են եկամուտներ․․․ Այդ բոլորի նկատմամբ պետք է որոշում կայացնել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ենք անելու՝ մի կողմից մենք պիտի հարգենք մեր Սահամանադրությունը, հարգել ենք ու պահում ենք, բայց ես կողմնակից եմ, որ նման մարդկանց հանդեպ պիտի լինի շատ խիստ վերաբերմունք՝ զրկել եկամտի աղբյուրից, սա բարձրաձայն հայտարարում եմ։ Ընդհուպ, եթե մասնագետները թույլ տան նման որոշում կայացնել, պետականացնել գույքը։ Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, կամ մարդիկ կամավոր տրամադրեն իրենց բնակարանները, թող մնա էլի սեփականություն»։

Շարունակելով թեման, նախագահն ասաց, որ ընդունելության ժամանակ նրան ամենաշատը հենց դիմում են բնակարանի հարցով, ինչն ապացուցում է, որ Արցախից չեն ուզում արտագաղթել․ «Նախ՝ ով ուզում է քինա, ջիհանդամը քինա, թող ծենը կտրած քինա։ Եթե իհարկե քինալու ա, խուճապ մի առաջացրեք, ժողովուրդը ուզում է ապրել այստեղ, արարել այստեղ, մենք այդ հնարավորությունը պիտի տանք բոլորին»։