Հետևեք մեզ։

Կառավարությունը միջոցներ հատկացրեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու համտես-մրցույթի կազմակերպման համար

13:20, 07 մայիս 2026
Կառավարությունը միջոցներ հատկացրեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու համտես-մրցույթի կազմակերպման համար

Միջազգային հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու համտես-մրցույթը կկազմակերպվի Հայաստանի Հանրապետությունում։

 ՀՀ կառավարության մայիսի 7-ի հերթական նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխմամբ 684 միլիոն դրամ տրամադրել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի կազմակերպման համար։   

«Այս մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի։ Աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր մրցույթն է ոլորտում։ Այն ունի ավելի քան 30 տարվա փորձ, ամեն տարի որևէ երկրում է անցկացվում, իսկ մեր տարածաշրջանում՝ առաջին անգամ։ Նախկինում անցկացվել է Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում և աշխարհի այլ երկրներում։ Մրցույթը 2026 թվականին անցկացնելու հայտը շահել է Հայաստանը»,-մանրամասնել է Պապոյանը՝ հավելելով, որ Հայաստանն անցած տարի մրցույթն անցկացնելու էստաֆետը վերցրել է Չինաստանից։

Նրա խոսքով՝ միջազգային այդ մասշտաբային միջոցառումը Հայաստանում կազմակերպելու համար մրցույթի կազմակերպիչները հիմք են ընդունել Հայաստանի հարուստ գինեգործական, պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև ոլորտում դինամիկ զարգացումները։

Նախարարի տեղեկատվությամբ՝ մրցույթը նախատեսվում է մայիսի 19-23-ին, որին կմասնակցի 65 երկրից գինու շուրջ 400 փորձագետ, այդ թվում՝ 120 պոտենցիալ գնորդներ, որոնք հանդիսանում են խանութների ցանցի տնօրեններ, ներկայացուցիչներ։

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները