Հետևեք մեզ։

Վախենամ՝ դրանք ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք. Փաշինյանը՝ մանկшպղծության դեպքերի մասին

16:01, 07 մայիս 2026
Վախենամ՝ դրանք ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք. Փաշինյանը՝ մանկшպղծության դեպքերի մասին

Հայաստանում մանկապղծության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարիներ շարունակ թիրախավորվել են, իսկ որոշ շրջանակներ «ավանդական արժեքների պաշտպանության» անվան տակ խոչընդոտել են այդ ուղղությամբ իրազեկման աշխատանքներին։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքի մասին հարցին։

«2018-19 թվականներին կառավարության մարմիններից մեկը թռուցիկներ էր թողարկել, և մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար։ Որոշ լրատվամիջոցներ աղմուկ և աղաղակ էին հանում և ասում էին՝ այս ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նման դեպքերի պատասխանատվությունը նաև այն մարդկանց վրա է, որոնք դեմոնիզացրել են այդ թեմայով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը։

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք այդ քաղաքացիական հասարակության ջանքերը դեմոնիզացնում էին և դեմոնիզացնում են՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել»,- ասել է վարչապետը։

«Վախենամ, այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք»,- ընդգծել է նա։

 

Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն է տեղի ունեցել,  դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ, նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները