Հետևեք մեզ։

Կցանկանայի շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, իմ վերջին խոսքի մեջ ես այդ իրավունքն ունեմ․ Նարեկ Մալյանը՝ դատարանում

17:22, 30 հունիս 2023
Կցանկանայի շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, իմ վերջին խոսքի մեջ ես այդ իրավունքն ունեմ․ Նարեկ Մալյանը՝ դատարանում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ուենցավ «Վետօ» շարժման հիմնադիր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին Մալյանը հանդես եկավ իր վերջին խոսքով։

Դրանից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, վճիռը կհրապարակվի 17։30-ին։  Հիշեցնենք, Նարեկ Մալյանին մեղադրում են «Դիմադրության» շարժման օրերին Բաղրամյան պողոտայում «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» անունը ստացած ֆուտուրիստական պերֆորմանսը բեմադրելու համար։

Մալյանն իր խոսքը սկսեց նրանով, որ ինչ արել է՝ լավ է արել, մեկ վայրկյան անգամ չի փոշմանել, եթե ժամանակը հետ պտտեր, կաներ նույնը, այսինքն՝ զղջման մասին որևէ խոսք լինել չի կարող։

«Տարակուսելի է, թե ինչո՞ւ է «մահ դավաճաններին» վերնագիրը անհանգստացրել իշխանական ընտանիքին։ Ինչո՞ւ, օրինակ, դատավորը, դատախազը կամ այս դահլիճում որևէ մեկը չի նեղվել «մահ դավաճաններին» արտահայտություից, Հայաստանի Հանրապետությունում «մահ դավաճաններին» արտահայտությոնից նեղվել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,-իր վերջին խոսքում ասաց Նարեկ Մալյանը։

Նա զավեշտալի համարեց նաև այն, որ իրեն դատում են իշխանության նկատմամբ խմբակային ատելության քարոզի համար։ «Կրկնում եմ՝ ինձ, միայն ինձ, դատում են խմբակային արարքի համար։ Քրեական գործով բացի ինձանից որևէ այլ մեղադրյալ չկա։

Ստացվում է՝ ես խումբ եմ։ Իրականում, քրեական հոդվածը դրվել է Նիկոլ Փաշինյանի պատվերով՝ նպատակ ունենալով արհեստական ծանրացնել իմ արարքը, որպես դատավճիռ՝ ստանալ ծանր պատիժ ինձ համար։ Հաջորդ զավեշտը, որը, ի դեպ, շոյում է իմ փառասիրությունը, այն է, որ ինձ մեղադրում են Քրեական օրենսգրքի իմ սեփական հոդվածով՝ 226․2։ Հիշեցնեմ, որ 2019 թվականին իմ կողմից կազմակերպված Սորոսի գրասենյակի դեմ ցույցերից խուճապահար եղած իշխանությունները հասկացան, որ Քրեական օրենսգրքում գոյություն չունի այդ ցույցերն արգելող հոդված, և շուտափույթ կերպով, 2020 թ․ ապրիլի 14-ին, կորոնավիրուսի լոքդաունի պայմաններում, գումարեցին Ազգային ժողովի նիստ և Քրեական օրենսգրքում հատուկ ինձ համար ավելացրին 226․2 հոդվածը, որի շրջանակներում էլ հիմա ես դատվում եմ»,-ասաց Նարեկ Մալյանը։

Ամփոփելով իր խոսքը՝ Նարեկ Մալյանը իր վերջին խոսքի շրջանակներում հարկ համարեց շնորհավորել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տարեդարձը։ «Եվ վերջում, քանի որ այսօր շատ հետաքրքիր օր է, կցանկանայի շնորհավորել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Իմ վերջին խոսքի մեջ ես այդ իրավունքը, կարծում եմ, ունեմ»,-ասաց Մալյանը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Վերլուծական