Հայաստանն իր անկախության առաջին օրից խաղաղություն չի ունեցել։
Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե գործող կառավարության իշխանության գալուց՝ 2018 թվականից առաջ Հայաստանում խաղաղություն է եղել, իսկ գործող իշխանությունը իր քայլերով պատերազմ է բերել։
«Մենք ունեցել ենք պատերազմ, որովհետև ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ։ Որտե՞ղ եք տեսել խաղաղություն, որտեղ զինվորներ են զոհվում և վիրավորվում։ Մենք չենք ունեցել խաղաղություն, մենք ունեցել ենք անընդհատ պատերազմ և ունեցել ենք պատերազմի բորբոքման անընդհատ հետաձգում, իսկ այդ հետաձգման ժամկետն ազդարարվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմով։ Բայց շատ կարևոր է նաև այն, որ ապրիլյան պատերազմին նախորդել է ղարաբաղյան հարցի կարգավորման առաջարկությունների բոլորովին նոր փաթեթը, որն արդեն բոլորիս հայտնի է և հրապարակվել է»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի մեկնարկին ընդառաջ նշել է ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակը 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովում արդեն շրջանակված է եղել, Ղարաբաղի հարցն արդեն այդ ժամանակ լուծված է եղել։ Այս ամբողջ ձգձգումը և հետաձգումը մի բանի համար է եղել, որ լուծվի Հայաստանի հարցը, այսինքն՝ չլինի Հայաստանի պետականությունը։ Եվ մենք հենց սա է, որ հասկացել ենք, ու շատ արագ ենք հասկացել, որ Հայաստանը գտնվում է թակարդում, և մեր խնդիրն է եղել Հայաստանն այդ թակարդից հանել։ Մեր զոհերի և զոհողությունների գնով, բայց մենք Հայաստանը հանել ենք այդ թակարդից, և սա ամենակարևորն է։ Նրանք, ովքեր ասում են, որ զոհողությունները իզուր են եղել, նրանք սա չեն հասկանում, որ Հայաստանի պետականությունը դուրս է եկել թակարդից»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն սցենարը, որում գտնվում էին 2018 թվականին, նրա մասին էր, որ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան պետություն պետք է չլինի, առավելագույնը պետք է լինի մի բանանային պետություն, որ շնչելու ու արտաշնչելու համար տարբեր տեղերից թույլտվություններ ստանա։
«Հիմա եկել է ժամանակը, որ մենք մեր այսօրվա Հայաստանը պաշտպանենք»,- ասել է Փաշինյանը։