Ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է կուսակցության ծրագրի 7 կետերի ներկայացմամբ։
Կուսակցության նախընտրական ծրագրի 7 կետերն են.
- Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում ընդունել ազգային անվտանգության նոր հայեցակարգ։
- Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում մշակել պետական ծրագիր՝ ներառելով ներգաղթի կազմակերպում։
- Սահմանադրական փոփոխությամբ երկրի ղեկավարի կառավարման ժամանակահատվածը սահմանափակել մեկ ժամկետով, իսկ երկրի ղեկավարի պաշտոնին հավակնողի համար սահմանել նոր չափորոշիչներ։
- Հայաստանում ընտրություններին մասնակցելը դարձնել պատվավոր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով։
- Բարձրագույն կրթությունն ու առողջապահությունը Հայաստանում դարձնել անվճար և զգալիորեն բարձրացնել մանկավարժների ու բժիշկների աշխատավարձերը։
- Տնտեսության մեջ մեծացնել պետության կարգավորիչ դերը։
- Հայաստանը դարձնել կարգավորված, անվտանգ և գրավիչ կրիպտոկենտրոն տարածաշրջանում՝ ներգրավելով ներդրումներ, ստեղծելով աշխատատեղեր և բարձրացնելով տնտեսության թափանցիկությունը։
Կուսակցության վարչապետի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել նախընտրական ծրագրի 7 կետերի վերաբերյալ, որից հետո կուսակցության ներկայացուցիչները քայլերթ են իրականացրել Երևանի կենտրոնում։
Ռեֆորմիստների կուսակցության նախագահն Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Բաբայանն է։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։