Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել է, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության էներգետիկ կարիքները մոտակա տասնամյակների համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնյան հայտարարել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
««Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանա, կկարողանա բավարարել երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Միևնույն ժամանակ, այն կապահովի էլեկտրաէներգիայի ցածր սակագներ վերջնական սպառողների համար, ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի երկրի արդյունաբերական աճը»,-նշել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար է և միշտ պատրաստ է Հայաստանի հետ կիսվել իր զարգացումներով և փորձով էներգետիկայի նման կենսական ոլորտում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև պատրաստ է Հայաստանի հետ կիսվել թվայնացման տեխնոլոգիաներով։
Հայաստանում այս պահին ընթանում են Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքները։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ պլանավորում են կառուցել նոր ատոմակայան և արդեն կողմնորոշվել են դրա տեսակի հարցում. դա կլինի մոդուլային տեսակի ատոմային էներգաբլոկ։ Դրա կառուցման շուրջ Հայաստանը բանակցում է 5 երկրի՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի հետ։
«Այսօր մեր երկիրն աշխարհի երեք երկրներից մեկն է, որն ունի ամենաառաջադեմ լուծումները։ Օտարերկրացիները նշում են Ռուսաստանի առաջադեմ առցանց բանկային ծառայությունները, ինչպես նաև նվաճումները պետական ծառայությունների և առողջապահության թվայնացման գործում։ Եվ սրանք ընդամենը մի քանի օրինակներ են այն բանի, թե ինչ է ենթադրում «ռուսական առաջարկը», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դեպարտամենտի տնօրենը։
Նա անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների ապագային՝ շեշտելով, որ Մոսկվան հանձնառու է փոխադարձաբար զարգացնել համագործակցությունը Երևանի հետ։
Միխայիլ Կալուգինը նաև հայտարարել է, որ Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար։
«Մեր շահերը բխում են այն փաստից, որ Ռուսաստանը ոչ միայն հարևան է, այլև ինքն է կովկասյան տերություն։ Մենք ամենամոտ պատմական և մշակութային կապերն ունենք տարածաշրջանի բոլոր պետությունների հետ։ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի համար Ռուսաստանը հիմնական առևտրային գործընկերն է կամ դրանցից մեկն է։ Մեզ համար կարևոր տրանսպորտային ուղիներն անցնում են տարածաշրջանով։ Հյուսիսային Կովկասում իրավիճակը մեծապես կախված է նրանից, թե ինչպես են գործընթացները զարգանալու լեռնաշղթայի մյուս կողմում։ Հարավային Կովկասը կենսական նշանակություն ունի մեզ համար», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հիմնարար շահագրգռվածությունը կայանում է հարավկովկասյան տարածաշրջանի զարգացման, դրա տնտեսական ներուժի բացահայտման և կայունության և խաղաղության գոտու ստեղծման մեջ։
«Այն, ինչ նպաստում է տարածաշրջանի բարգավաճմանը, նպաստում է նաև Ռուսաստանի բարեկեցությանը։ Սա մեր գործողությունների պարզ տրամաբանությունն է»,-ասել է Կալուգինը՝ ընդգծելով, որ Մոսկվան հետևողականորեն դեմ է տարածաշրջանում զինված հակամարտություններին, աջակցում է շրջափակումների վերացմանը և եռանդուն աշխատում է տարածաշրջանային կապի ընդհանուր ճարտարապետություն կառուցելու ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա օգտվել իր աշխարհագրական դիրքից։
ՌԴ ԱԳՆ պաշտոնյան անդրադարձել է նաև Հայաստանի երկաթուղային ցանցին, որի կոնցեսիոն կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։
Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայն չէ հայկական կողմի պնդման հետ, թե հայկական երկաթուղային ցանցի ռուսական կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը զրկվում է իր մրցակցային առավելություններից, քանի որ երկրի երկաթուղային ցանցը կառավարում է Ռուսաստանը։ ՀՀ վարչապետն ասել էր, որ շատ երկրներ չեն ցանկանում օգտվել Հայաստանի երկաթուղուց, քանի որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։ Նա առաջարկել էր հայկական երկաթուղային ցանցի կոնսեցիոն կառավարումը հանձնել Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ այլ երկրի։ Ռուսական կողմը, սակայն, մերժել էր այդ առաջարկը՝ պնդելով, որ տարիների ընթացքում Ռուսաստանը մեծածավալ ներդրումներ է արել հայկական երկաթուղային ցանցի արդիականացման համար և չհամաձայնվելով դիտարկման հետ, թե Հայաստանը ռուսական կառավարման պատճառով զրկվում է իր մրցակցային առավելություններից։