Հետևեք մեզ։

«Լուսավոր Հայաստան»-ը ՀԿԱԾ բակում բողոքի ակցիա է իրականացրել. արձագանքել է նախարարը

15:46, 12 մայիս 2026
«Լուսավոր Հայաստան»-ը ՀԿԱԾ բակում բողոքի ակցիա է իրականացրել. արձագանքել է նախարարը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք  խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա է իրականացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ՀԿԱԾ) շենքի մոտ։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ ակցիան նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել այն «զանգվածային իրավախախտումների» վրա, որոնք, ըստ Մարուքյանի, տեղի են ունենում այս կառույցի միջոցով։

«Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ իրենց տունը կամ մեքենան կալանքի տակ են հայտնվել չվճարված ընդամենը 5 հազար դրամի պատճառով։ Իրական արդարադատության բացակայությունը շարունակվում է հենց այս կառույցի միջոցով»,-նշել է Մարուքյանը։

Նա նաև քննադատել է այն երևույթը, որ «ՀԿԱԾ-ը մարդկանց հաշիվների վրա կալանքը դնում է ակնթարթորեն, սակայն այն հանելու գործընթացը կարող է ամիսներ տևել»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Կարպիս Փաշոյանն էլ իր հերթին նշել է, որ պետությունն այսօր սահմանափակվում է ընդամենը երկու գործառույթով՝ հսկել և պատժել։

«Մենք չենք խոստանում վերացնել բոլոր տուգանքները, մենք խոստանում ենք դրանք դարձնել արդարացի։ Պետությունը չպետք է դահիճ լինի»,- նշել է Փաշոյանը։

Ակցիայի ավարտին ՀԿԱԾ շենքից դուրս է եկել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ բանավեճի բռնվելով Էդմոն Մարուքյանի հետ։

Սրբուհի Գալյանն Արդարադատության նախարարության  կազմում գործող ՀԿԱԾ-ի գործունեության վերաբերյալ դրական վերաբերմունք է արտահայտել՝ կարծիք հայտնելով, որ Էդմոն Մարուքյանի նշած դեպքերն իրականությանը չեն համապատասխանում, համակարգը լավ է աշխատում։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները