Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Հայաստանում է, քանի որ արձակուրդում է գտնվում։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց դեսպանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք խորհրդակցությունների նպատակով Հայաստան է եկել, ինչպես 168.am–ը գրել էր օրեր առաջ։
«Մեկ տարի և 7 ամսվա ընթացքում որոշեցի, որ կարող եմ ինձ թույլ տալ իմ անցած տարվա արձակուրդն իրացնել»,– մեզ հետ զրույցում նշեց դեսպանը։
Հարցին՝ ԱԳՆ–ում որևէ հանդիպման մասնակցելո՞ւ է օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունում ունեցած հանդիպման առնչությամբ, նա պատասխանեց. «Ես արձակուրդում եմ, չեմ աշխատում»։
Հիշեցնենք, որ դեսպանը ՌԴ արտգործնախարարություն էր կանչվել օրեր առաջ, Երեւանում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հնչեցրած հայտարարությունների առնչությամբ։ Ինչպես ՌԴ ԱԳՆ–ն էր հայտնել, նրան հաղորդվել էր «Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար ամբիոն տրամադրելու անընդունելիության մասին»։
Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եղել է միայն զրույց, իրեն բողոքի նոտա չի հանձնվել։
«Ռուսաստանի կողմից մեզ որևէ հայտագիր չի փոխանցվել։ Եղել է բանավոր զրույց, որի մասին տեղյակ է պահվել Հայաստանի ԱԳՆ–ն»,– նշեց դեսպանը։